երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճիշտ չէր լինի, որ 30% սրճարաններում ծխելը թույլատրվեր, իսկ եկամուտները ուղղվեին առողջապահությանը. Սուքիասյան

Ճիշտ չէր լինի, որ 30% սրճարաններում ծխելը թույլատրվեր, իսկ եկամուտները ուղղվեին առողջապահությանը. Սուքիասյան

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը, երկու հարցի անդրադարձավ:

Նախ խոսելով սրճարաններում ծխելու խնդրին՝ նա ասաց, որ թեև մարտ ամսից արգելված է, սակայն տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է այդ կարգը պահպանվում, և շատերը ծխում են: «Իսկ ինչ կլիներ, որ 30 տոկոսը թույլ տայինք՝ մարդիկ ծխեին, եկամուտներ գային և այդ եկամուտներն էլ ուղղվեին առողջապահական խնդիրներին: Չենք արել, ու դուք ինքներդ 6-7 ամսվա մեջ համոզվեցիք, որ տեղեր կան, որ օրենքը խախտվում է»,- ասաց նա և նկատեց, որ հիմա նոր ռեսուրս պետք է ծախսեն, որ ոստիկանությունը գնա և վերահսկի:

Անդրադառնալով հայտարարագրման համակարգին՝ պատգամավորն ասաց, որ թեև շատ ողջունելի է հայտարարագրման համակարգի ներդրումը, բայց գույքից եկած եկամուտի հետ կապված խնդիր ունենք: «Այդ մարդը, որ ուզենա ծախսերը ցույց տա, այդ ինստիտուցիոնալ ծախսերը ցույց տալու մեխանիզմը տվե՞լ եք իրենց: Դուք որ ասում եք՝ տասը տոկոս, տասը տոկոս չի, եթե մարդ իր գույքը հանձնում է, ուրեմն պետք է վերանորոգի, մեծ ծախսեր իրականացնի, այդ ծախսը, որ բաժանենք տարվա կտրվածքով, կտեսնենք, որ տասը չի, նա էլ է 20 տոկոս վճարում»,- ասաց նա:

  • Կիսվել: