Տաքսու վարորդների խնդիրներով զբաղվում ենք, որոշ հարցեր գիտենք՝ ոնց ենք լուծելու, չլուծվող հարց չկա. Արսեն Թորոսյան
Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից, քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց շատ փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է Յանդեքս պլատֆորմին կամ այլ պլատֆորմների: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տաքսու վարորդների բողոքի ակցիաներին։
«Մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ, և էլի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու, մյուս շաբաթ նորից հանդիպելու ենք, որոշ հարցեր արդեն գիտենք՝ ինչպես ենք լուծելու, օրինակ կենսաթոշակային հարցերը, մյուս հարցերը։
Ինձ համար տարօրինակն այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտությունն է այս գործընթացին (նկատի ունի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին–խմբ), որ նախ սուտ տեղեկություններ տարածելով, երկրորդն էլ այդ մարդկանց նյարդերի կամ զգացմունքների վրա խաղալով փորձում է քաղաքական դիվիդենտներ քաղել։ Չեմ կարծում, որ այստեղ որևէ բան կա, որ նախ հնարավոր չի քննարկել և չլուծել, և երկրորդը պետք է օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին։ Բոլոր բարձրացված հարցերը նայել ենք իրականության մեջ, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաև կա այդպես համադրելի հարց, օրինակ, մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, այդ վճարած հարկերը հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար։
Գործընթացը կշարունակենք։ ի դեպ, շատ բաներ արդեն փոխված են եղել, մինչև մեր այդ հանդիպումը, և այն, ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք։ Պետությունը էլ իր կողմից առողջության ապահովագրության հարցերը, որոնք ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում, կենսաթոշակային հարցերը, որոնք էլի ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում, կփորձի լուծել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է «Յանդեքսից» վարորդների ունեցած բողոքներին, Թորոսյանն ասաց. «Պետությունը «Յանդեքսի» հետ հարաբերվում է որպես ՏՏ ոլորտի խոշոր տնտեսվարող։ Մեր գործընկերները աշխատում են նրանց հետ, հիմնականում մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը, և նրանց հետ էլ քննարկումներ, իհարկե, կլինեն։ Նրանք էլ են շահագրգռված հարցերը լուծելու մեջ»։
Հիշեցնենք, որ օնլայն տաքսու վարորդները օրերս բողոքի ակցիաներ և ստորագրահավաք են իրականացրել։ Նրանք պահանջում են իրենց համարել գրանցված աշխատող, նաև նվազեցնել օպերատորների կողմից կիրառվող հարկերը։
Նշենք, որ օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.
1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել ,պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։



