երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ

Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունից և կարծում է, որ պետական ու համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց կատարած աշխատանքին և կրած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք դժվար է ապրել ստացած աշխատավարձով։

«Եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,– ասաց փոխքաղաքապետը։

Նա ընդունեց, որ գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։

«Ես ձեզ շատ անկեղծ ասացի։ Ասացիք՝ այսօր դուք դրա կարիքը զգո՞ւմ եք, ասացի՝ այո՛, զգում եմ։ Թեպետ գնաճն էլ տնտեսական աճի նշան է»,– հավելեց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ իր ընտանիքն ապրում է բացառապես այն եկամուտներով, որոնք արտացոլված են իր հայտարարագրում։ Նա վստահեցրեց, որ այլ աղբյուրներից լրացուցիչ եկամուտ չունի։ Ըստ Գրիգորյանի` նախկին իշխանություններն աշխատավարձի բարձրացման հարց չեն բարձրաձայնել, քանի որ միայն իրենց պաշտոնական աշխատավարձով չեն ապրել։

  • Կիսվել: