Սքրինինգային ծրագրի շահառու դառնալու տարիքային շեմը փոխվել է. այժմ անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք
Պետական պատվերով իրականացվող սքրինինգային ծրագրի շահառու դառնալու տարիքային շեմը մարզաբնակ կանանց համար փոխվել է. այժմ անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք (նախկինում տարիքային շեմը` 50-69):
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է:
Պետական պատվերով իրականացվող սքրինինգից Գեղարքունիքի մարզում արդեն օգտվել է 4166 կին: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային այս ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք։
Շարժական մամոգրաֆը 2025 թվականին ևս գործելու է Գեղարքունիքում, հաջորդ տեղակայումը Գավառն է, այնուհետև` Սևանը, Ճամբարակը:
Մասնագետները վստահեցնում են` քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: