Սովետի ժամանակ տուն կառուցելիս ասում էին՝ հարսանիք լինի, որտե՞ղ են քնելու հյուրերը. Փաշինյան
Իմ պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդությունների ժամանակ հետևյալ հետևությունն եմ արել՝ որտեղ պետությունները և հասարակություններն ուժեղ են ու զարգացած, այնտեղ առանձնատների չափերը փոքր են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով, որ նախկինի փոխարեն այսօր 400քմ տարածքից փոքր տարածքի վրա էլ են նոր կարգավորմամբ կառուցապատում թուլատրում։
«Մարդիկ առանձնատուն կառուցելիս սկսել են ռացիոնալ հաշվարկել, բա կոմունալ ծախս կա, պահպանման ծախս կա. Խորհրդային Միության ժամանակներում մարդիկ տուն կառուցելիս պլանավորում էին, ասում են՝ բա որ գերդաստանի ներկայացուցիչները հավաքվեն, որտե՞ղ են քնելու, հարսանիք որ լինի, հյուրերը որտե՞ղ են քնելու։
Ես այս պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդություններում հետևյալ մի հետևություն եմ արել, որ այնտեղ, որտեղ պետությունները և հասարակությունները ուժեղ են և զարգացած, այդտեղ առանձնատների չափերը փոքր են։ Ի՞նչ կապ ունի սա հանրության և պետության ուժեղացման հետ։ Մի շարք եվրոպական երկրներ, որոնք քաղաքակրթական կենտրոնն են եղել և այսօրվա ժամանակակից քաղաքակրթությունը հենված է իրենց ստեղծած արժեքների վրա, երբ որ առիթներ եղել է գյուղերով շրջել եմ և տեսել եմ, ես ապշել եմ տների փոքրությունից, առանձնատների փոքրությունից, որն, իհարկե, ի սկզբանե նպատակը եղել է հեշտ տաքացնելը։
Հաջորդ պահին, որպես միջին վիճակագրական հայաստանցի, իմ մոտ հարց է ծագել. բա էս մարդիկ, որ պիտի ծնունդ անեին, որտե՞ղ են արել, որ այսպես փոքր են իրենց տները: Եվ բնականաբար ստացել եմ պատասխանը՝ մոտակա փաբում։ Այդ փոքր տները ստիպել է, որ մարդիկ դուրս գան և շփվեն իրար հետ: Այդ շփումը գեներացնում է կապեր, հանրային հարաբերություններ, հանրային հարաբերությունների նոր որակ է ստեղծվում։
Իսկ մեր դեպքում մի փոքր այլ տրամաբանություն է, մենք տները կառուցում ենք հիմնականում այնպես, որ այնտեղից դուրս գալու կարիք ընդհանրապես չլինի, և սա իր հետ բերում է հանրային և քաղաքական և պետականության, իրավակարգի հետ կապված որոշակի հետևանքներ։ Որովհետև երբ որ դու ավելի շատ դրսում ես, դու ավելի մեծ շահագրգռություն ունես, որպեսզի իրավակարգը լինի ուժեղ, քան թե դու տանն ես ավելի շատ։ Երբ դու ավելի շատ տանն ես, քո շահագրգռությունը, որ իրավակարգը լինի ուժեղ, ավելի պակաս է»,–ասաց Փաշինյանը և ԿԳՄՍ նախարարին ասաց, որ նման ուսումնասիրությունների հանձնարարություն պետք է տրվի գիտնականներին։


