ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՇՄ նախարարությունում քննարկվել են Հայաստանի բնակավայրերի ջրահեռացման խնդիրները

ՇՄ նախարարությունում քննարկվել են Հայաստանի բնակավայրերի ջրահեռացման խնդիրները

Այսօր կայացել է «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգ և դրա իրականացման միջոցառումների պլան» խորհրդատվական ծառայության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպում, որն իրականացվում էր «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:
 
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
 
Հադիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում, ինչպես նաև ջրահեռացման ոլորտի ներկա իրավիճակի և դրա խնդիրների բարձրաձայնման կարևորությունը։
 
Հանդիպման նպատակն էր EU4Sevan ծրագրի գործընկերներին ներկայացնել խորհրդատուի՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Էդուարդ Մեսրոպյանի «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների պլանը» խորհրդատվական ծառայության արդյունքները:
 
Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ու մաքրման բնագավառի զարգացման առաջարկները, կեղտաջրերի հեռացման ու մաքրման բնագավառի վերականգնման ու զարգացման համար առաջարկվող լուծումները, մանրամասնվել կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտի սակագնային քաղաքականությունն ու ոլորտի իրավական դաշտի վերլուծությունը:
 
Ներկայացվել են նաև կեղտաջրերի հեռացման ու մաքրման ոլորտի տեխնիկական լուծումներ, ներդրումային ծրագրեր և ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։

  • Կիսվել: