Շամիրամ համայնքը կգազիֆիկացվի, իսկ Օթեւան բնակավայրի համար ճանապարհ կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման և նույն մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի 1,3 կմ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համ,ար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի բյուջետային տարվա համար՝ Շամիրամ համայնքի գազաֆիկացման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 80.7 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 1,2 մլն դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման համար՝ 35.9 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 375 հազար դրամ։
Շամիրամ համայնքի բնակչությունւը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ 50 մլն դրամ։ Համայնքը գազաֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Հաշվի առնելով, որ բավականին մեծ երկարությամբ պետք է անցկացվի գազատար՝ համայնքն իր միջոցներով և սուբվենցիայով հնարավորություն չունի այն իրականացնելու:
Իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է կառուցել 6783 մետր երկարությամբ միջին ճնշման գազատար և 9069,5 մետր երկարությամբ ցածր ճնշման գազատար: