երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Սա տարածքային ամբողջականությանը hարված հասցնող գործունեությունը ֆինանսավորող բյուջե է. Արթուր Խաչատրյան

Սա տարածքային ամբողջականությանը hարված հասցնող գործունեությունը ֆինանսավորող բյուջե է. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2025 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«20 օր առաջ, երբ մենք քննարկում էինք բյուջեի նախագիծը, հայտարարում էինք, որ այն կանխատեսումները, որոնք այս բյուջեի հիմքում դրած են, խիստ լավատեսական են և իրականությունից շատ հեռու են։ Մի քանի օր հետո կառավարությունը հասկացավ և 10%-ով կրճատեց աճի իրենց կանխատեսումը»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվել են, զբոսաշրջիկների թիվը նվազել է, դրամական փոխանցումները և զուտ ներհոսքը կրճատվել են, արտաքին առևտուրը գալիք տարի մոտ 40%-ով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 միլիարդը, Հայաստանի պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի շեմը:

«Ներկայացված բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, վարվող տնտեսական քաղաքականությունը չի ապահովում Հայաստանի երկարատև և կայուն զարգացումը, կառավարության արտաքին և պաշտպանական քաղաքականությունն ունակ չէ ապահովելու մեր երկրի անվտանգությունը, կրթական և մշակութային քաղաքականությունը սպառնալիք են մեր ազգային արժեհամակարգին։ Ցանկը երկար է։

Այս փաստաթուղթը «Հայաստան» դաշինքը համարում է որևէ խնդիր չլուծող, ձախողումները շարունակող, երկրի, պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում, ուստի ենթակա չէ կողմ քվեարկելուն»,- ասել է նա:

  • Կիսվել: