կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի թեկնածուի առաջ խնդիր է դրել լուծել էլեկտրաէներգիայի անջատումների հարցը. Պապոյան

ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի թեկնածուի առաջ խնդիր է դրել լուծել էլեկտրաէներգիայի անջատումների հարցը. Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջ խնդիր է դրել լուծել նաև էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների խնդիրը:  

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոյեմբերի 5-ին որոշել էր կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ 

 «Կառավարությունը խնդիր ունի նրա հետ, որ Հայաստանում կարող է լույսը անջատվել ցերեկը կամ գիշերը... Այն թեկնածուին, ում առաջարկել ենք, նաև նրա առաջ խնդիր ենք դրել այդ հարցերը բարձրացնել ու լուծել»,-ասաց Պապոյանը:

Նա ընդունելի է համարում թեկնածուի ներկայացրած տեսլականի տրամաբանությունը, մասնավորապես ներդրումների բովանդակության վրա ուշադրություն դարձնելը:  

«Մենք որպես քաղաքական հանձնառություն խնդիր ենք դրել այնպես անել, որ մեր բնակիչները գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հնարավորինս մեծ հասանելիություն ունենան, եթե անջատումներ կան, դրանք մաքսիմալ քիչ ու հիմնավորված լինեն: Պետք է այնպես անենք, որ գնագոյացման համակարգը լինի մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ հասկանալի: Ամեն ինչն էլ կարող է բարձրանալ, կարող է իջնել, խնդիրն այն է, որ գինը լինի արդար, բոլորի համար հասկանալի, և համակարգը գործի անկախ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: