երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Քաղաքացիների անհանգստությունը կվերանա, երբ նրանք սկսեն եկամուտների հայտարարագիր ներկայացնել. ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ

Քաղաքացիների անհանգստությունը կվերանա, երբ նրանք սկսեն եկամուտների հայտարարագիր ներկայացնել. ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ

Հայաստանում հայտարարագրման համակարգը գործում է 1995 թվականից: Նոր համակարգն ընդամենն ավելի հասանելի է դարձել: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած թեմատիկ քննարկման ընթացքում այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Ըստ նրա՝ հայտարարագրման համակարգի ներդրման առաջնային նպատակը ՀՀ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հավաքելու մեխանիզմների ստեղծումն է, որը հետագայում պետք է օգտագործվի նաև պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի իրագործման, դրանց թիրախայնությունն ապահովելու համար:

«Անհրաժեշտ է որ հասկանանք, թե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինչպիսի եկամտային պրոֆիլ, պորտֆել ունի, որպեսզի ապահովվի պետական սոցիալական աջակցության ծրագրերի թիրախայնությունը: Թերևս, սա է պատճառը, որ հայտարարագրման համակարգի մասնակից են ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները, այսինքն՝ մարդիկ, որոնք տարվա մեծ մասը բնակվում են Հայաստանում և հետագայում օգտվելու են կամ հասցեատեր են լինելու ՀՀ աջակցության ծրագրերի»,-նշեց նա:

Օրի Ալավերդյանը հայտնեց, որ հայտարարագրման համակարգը նորույթ չէ Հայաստանի Հանրապետությունում. այն գործում է 1995 թվականից: Նշվեց, որ գործող հարկային օրենսդրությամբ քաղաքացիները, ՀՀ ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց հարկվող եկամուտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ու դրանով վճարեն հարկային գործակալների չհարկված հարկերը: Նոր համակարգն ընդամենը վերափոխվել և տեխնիկապես ավելի հասանելի է դարձրել հայտարարագրման համակարգը:

«Շատ կարևոր հանգամանք է նաև, որ հայտարարագրման նոր համակարգի շրջանակներում ներդրվել է սոցիալական ծախսերի ինստիտուտը, որը ՀՀ հայտարարատու քաղաքացիները պետք է ստանան հայտարարագիր ներկայացնելու արդյունքում:

Սոցիալական ծախսերը երկու ուղղությունով են, որոնցով պետությունը փորձում է գոնե ներդրման փուլերում առկա հնարավորությունների շրջանակներում աջակցել քաղաքացիներին՝ կարևորություն ներկայացնող ուղղություններում կատարվող ծախսերի առումով»,-արձանագրեց բանախոսը:

Նա գտնում է, որ Հայաստանում եկամուտների հայտարարագրման մշակույթի նորույթով է պայմանավորված քաղաքացիներին համակած որոշակի անհանգստությունը: Գործընթացը նորույթ է նաև պետական համակարգի համար՝ այն առումով, որ մեծ զանգված է ներառում: 

«Կարծում եմ, երբ մարդիկ սկսեն հայտարարագիր ներկայացնել, օգտվել համակարգից և դրա սպասարկման համար ձևավորված ենթակառուցվածքից՝ անհանգստությունները շատ չեն լինելու, քանի որ իրականում հնարավոր է 15-20 րոպեում հայտարարագիր ներկայացնել»,-նշեց Օրի Ալավերդյանը:

Ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնի հայտարարագիր՝ մանրամասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հաշիվներին մուտքագրված գումարի չափը:

 

  • Կիսվել: