Պրոբլեմ ունեմ․ հեռախոսիս մեջ քարտ չկա, չգիտեմ՝ ոնց եմ հայտարարագիր ներկայացնելու. Արսեն Թորոսյան
Արդյոք հնարավոր չէ կարճ ժամանակում ներդնել այնպիսի համակարգ, որ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար ոչ sim քարտ անհրաժեշտ լինի, ոչ էլ ID քարտ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին:
«Ոնց որ մենք օգտվում ենք բազմաթիվ բանկային ծառայություններից առանց որեւէ հավելյալ գործիք ունենալու: Ես ինքս այս տարի պրոբլեմ ունեմ, որովհետեւ այս հեռախոսս փոխել եմ, որի մեջ քարտ չկա: Ունեմ համակարգիչ, որը Macbook է, որի վրա չի աշխատում քարտ ռիդերի ծրագիրը, հիմա պետք է ստիպված այլ համակարգիչ կամ նոր հեռախոս ձեռք բերեմ, որ կարողանամ ներկայացնեմ իմ հայտարարագիրը: Նախկինում դա շատ հեշտությամբ արել եմ, որեւէ խնդիր չի եղել»,-ասաց նա:
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ Հայաստանում անձի նույնականացման ունիվերսալ համակարգ ներդնելու գործընթաց է մեկնարկել. «Այդ գործընթացի հանգուցալուծմամբ մենք կունենանք միասնական նույնականացման համակարգ: Բայց ներկայում ունենք ձեր ախտորոշած խնդիրը: Այն տեխնիկական բնույթ է կրում, բայց դրանից դրա կարեւորությունը չի նվազում: Հիմա պատրաստի լուծումներ, ցավոք, չեմ կարող նախանշել, բայց այս հարցը ՊԵԿ-ի եւ այլ կառույցների ուշադրության կենտրոնում է»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ պետք է ընտրություն կատարեն պարզության, հեշտության եւ անվտանգության միջեւ. «Այստեղ պետք է ռեալ գնահատել, թե արդյոք անվտանգությունը կարող է տուժել, եթե մենք գնանք անձի նույնականացման գործընթացում որոշակի պարզեցումների»: