կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փոքրիկ Հունաստան՝ Հայաստանի սահմանամերձ գյուղում. բագրատաշենցիները 40-50 հեկտար ձիթենու այգիներ են աճեցնում

Փոքրիկ Հունաստան՝ Հայաստանի սահմանամերձ գյուղում. բագրատաշենցիները 40-50 հեկտար ձիթենու այգիներ են աճեցնում

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում մոտ 40-50 հեկտար ձիթենու այգիներ կան: 1949 թվականին գյուղը հիմնադրած Բագրատ Վարդանյանը 1955թ․-ին Հունաստանից զեյթուն էր բերել Հայաստան։ 50 հեկտար տնկել էր ու առատ բերք էր ստանում։ Ավելի ուշ հողերը սեփականաշնորհած գյուղացիները շարունակել են ձիթենի մշակել: Ձիթենու աճեցման գործը շարունակողներից է Բագրատաշենի ամենահին բնակիչներից մեկը՝ Արմեն Սարգսյանը։

1.jpg (60 KB)

2.jpg (51 KB)

Այն ժամանակ ներկայիս Բագրատաշենի տարածքում ապրում էր մոտ 10-15 ընտանիք, այդ թվում՝ 1915 թվականին Էրզրումից գաղթած Արմենի նախնիները։ Աշխատանքի բերումով նա 3-4 տարի ապրել է Ռուսաստանում, սակայն հոր մահից հետո, հասկանալով, որ մայրը գյուղից չի տեղափոխվի, վերադարձել է և վերահաստատվել հայրական գյուղում։ Առևտրականի գործը թողել է ու որոշել զբաղվել գյուղատնտեսությամբ։

Մի օր, երբ Բագրատաշենի բնակիչներից Անդրանիկ պապի հետ նստած խոսում էր իր  անմշակ հողատարածքն այգի դարձնելու ցանկության մասին, Անդրանիկ պապն ասել էր՝ հնարավոր բան չէ. այս տարածքը ջրի աղբյուրից բարձր է:

«Ասեց՝ Արմեն, շատ դժվար է, չես կարողանալու, ես էլ ասացի՝ Անդիկ պապ, միևնույն է, գցելու եմ, ու սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Մեջս ազարտ մտավ ու արեցի, հետո տեսա, որ իսկապես շատ դժվար է, ու ջրելու խնդիր կա»,-պատմում է Արմենը:

3.jpg (56 KB)

4.jpg (41 KB)

Բագրատաշենում ոռոգման ջրի խնդիր կա: Այն Դեբեդ գետից Պտղավան և Լճկաձոր գյուղերով հասնում է Բագրատաշեն, գյուղերին ջուրը հերթով են մատակարարում, անհամաչափ բաշխման հետեւանքով Բագրատաշեն ջուրն ավելի քիչ է հասնում, իսկ Արմենի բարձրադիր հողատարածք այն ընդհանրապես չի հասնում։

Հասկանալով, որ իր այգու ոռոգումը կարող է իրականացնել միայն կաթիլային եղանակով՝ Արմենը սկսում է հետաքրքրվել տարբեր կազմակերպություններով, որոնք աջակցում են նման դեպքերում և տեղեկանում EU4IMPACT ծրագրի մասին: Դիմելով նրանց և անցնելով նրանց գործընկեր «Իրիս բիզնես ինկուբատոր»-ի կազմակերպած դասընթացը՝ կարողանում է իրականացնել նպատակը՝ ստանալով կաթիլային ոռոգման համակարգ, որն արժեր 4 միլիոն դրամից ավելի։ 

«Իսկապես համոզվեցի, որ այս կազմակերպությունը 100% -ով օժանդակում է ու ես էլ մասնակցեցի: Ամբողջ սարքավորումներով աջակցել են, կաթիլային համակարգը ևս իրենց ֆինանսավորմամբ է արված»,– ասում է նա:

5.jpg (56 KB)

6.jpg (53 KB)

7.jpg (44 KB)

Զեյթունի արտադրությունը շատերի մոտ զարմանք է առաջացնում. երբ Արմենը պատմում էր որ ձիթենի է աճեցնում, ասում էին՝ հնարավոր չէ, որ Բագրատաշենում ձիթենի աճի։

«Ուղղակի մեզ մոտ կանաչ զեյթունն է: Այն շատ սննդարար է ու յուղալի, մեզ մոտ յուղը չեն հանում: Ձիթենին հատուկ մշակման ձև ունի, այն խնամք է սիրում․պետք է փխրեցում իրականացվի, տակի մացառները մաքրվի, երևի միակ բույսն է, որի աճեցման համար թունաքիմիկատ գրեթե չի օգտագործվում: Ծառ կա՝ 20 կգ բերք է տալիս, ծառ էլ կա՝ 100, դա կախված է մշակելուց»,-ասում է Արմենը:

8.jpg (59 KB)

Երկրորդ տարին է, ինչ Արմենը մշակում է հողատարածքը, որը երեքուկես հեկտար է և վերջին տարիներին անմշակ է եղել։ Ձիթապտղից բացի, նաև թուզ, դեղձ, նեկտարին և կեռաս է աճեցնում։ Ասում է՝ Հայաստանում կեռասն առաջինը Բագրատաշենում է աճում՝ մայիսի կեսերին։ Հիմնականում այգին մենակ է խնամում, բայց խոտ հնձելու ժամանակ օգնական է վարձում։ Այգին նոր է, առաջին բերքը եկող տարի է սպասում։ Ի սկզբանե, հայաստանյան շուկայում չէր նախատեսում իրացնել բերքը, բայց դրամի արժեվորման պայմաններում մտածում է բերքի կեսը Հայաստանում իրացնել, կեսը՝ դրսում։

9.jpg (40 KB)

ԵՄ աջակցությամբ ստեղծված «Իրիս բիզնես ինկուբատոր»-ը հանդիսանում է EU4IMPACT ծրագրի գործընկեր և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ և այլ ծրագրեր: EU4IMPACT-ը աջակցում է միգրանտների, այդ թվում՝ աշխատանքային, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված, սկսնակ կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:

10.jpg (46 KB)

  • Կիսվել: