Պետությունը արտահանման խթանման նպատակով օժանդակություն կտրամադրի
Կառավարությունը հաստատեց արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։
«Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ Թագավորություն, որոշակի ապրանքախմբերի ապրանքներ արտահանելու պարագայում հետ ստանալ մաքսատուրքի չափով աջակցություն։ Սրա նպատակը աջակցելն է այն քաղաքականությանը, որը մենք հռչակել ենք՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի, հայկական արտադրողների ապրանքները եվրոպական շուկաներում ԵՄ 450 մլն բնակչությամբ 27 երկրներով և, իհարկե, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության շուկայում, որը եթե միացյալ նայենք, աշխարհի առաջատար երեք շուկաներից մեկն է, հայկական ընկերությունների մրցունակությունն ավելացնել և այդ առումով, իհարկե, շատ կարևոր նախաձեռնություն է»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանի խոսքով՝ սա ժամանակավոր աջակցություն է, որի նպատակն է պահպանել մրցակցային առավելությունները, որոնք ձեռք էինք բերել 2009 թվականին հունվարի 1-ից:
«Հայաստանը կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից էր օգտվում, որը մեզ հնարավորություն էր տալիս մշակվող արդյունաբերության հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքներ ԵՄ շուկա արտահանել կամ զրոյական մաքսատուրքով կամ նվազեցված մաքսատուրքով, սակայն Հայաստանը 2022 թվականի հունվարի 1-ից չի օգտվում այդ ռեժիմից. ՀԲ-ի կողմից եթե երեք տարի անընդմեջ երկիրը դասակարգվում է որպես բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն, երկիրը այդ արտոնությունից զրկվում է, իսկ Հայաստանը 2018-ից հետո երեք տարի անընդմեջ ճանաչվեց բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող պետություն»,- նշեց նախարարը։