կիրակի, մայիս 16
16 / 5 / 2021
ՊԵԿ-ն ակտիվացնում է ԵԱՏՄ-ի հետ գործակցությունը էլեկտրոնային հարթակում

ՊԵԿ-ն ակտիվացնում է ԵԱՏՄ-ի հետ գործակցությունը էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով նախնական գաղափարը, գտել է համապարփակ լուծում՝ ստեղծելով փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծը: Գաղափարի մանրամասները ՊԵԿ-ն իրազեկման ֆիլմի ձևաչափով ներկայացրել է ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստում:

ԵԱՏՄ անդամ երկրների միջև բիզնես գործընթացների փաստաթղթավորումը իրականացվելու է միասնական հարթակում: Էլեկտրոնային մեկ փաստաթղթով ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու տվյալ գործարքի մասնակից երկրների հարկային մարմիններին ու գործարարներին: Ամբողջ գործընթացը լինելու է առավել թափանցիկ և պարզեցված: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանի, անուղղակի հարկերի վճարման և ապրանքի ներմուծման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու և հաստատելու անհրաժեշտություն այլևս չի լինի, որը բավականին երկար գործընթաց է:

Ստվերի դեմ պայքարի գործիքներից է լինելու նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության համակարգը: Նախագծի շուրջ պարբերաբար քննարկումներ են լինում: Փորձագետները փորձում են լավագույն լուծումները գտնել պետական վերահսկողության թվայնացման ուղղությամբ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի պետ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ հետագծելիության համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ապրանքաշրջանառությունը` ապրանքի ստեղծման կամ արտահանման պահից մինչև վերջնական սպառողին հասնելը: Հետագծելիության սկզբունքով հսկողություն կիրականացվի երրորդ երկրներից ներմուծված ռիսկային բոլոր ապրանքների և դրանց մաքսանենգ շարժի նկատմամբ: Խոսքը սակայն չի վերաբերում ԵԱՏՄ երկրներում վերամշակվող, մանրածախ առևտրում իրացվող և անձնական նպատակով օգտագործվող ապրանքներին: Գործընթացը կիրագործվի փուլային եղանակով. ԵԱՏՄ երկրներում կստեղծվեն հետագծելիության ազգային համակարգեր: Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն արդեն վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:  

Էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման փորձի փոխանակման  նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որոնք քննարկելու են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման մեխանիզմները: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի ժ/պ Ալինա Ավետիսյանի խոսքով՝ նախատեսվող միջոցառումների արդյունքում ԵԱՏՄ շրջանակում փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կդառնա էլեկտրոնային: ԵԱՏՄ ռազմավարության մեջ ընդգրկված է նաև հարկային ոլորտի թվայնացման գործընթացը, որի նպատակն է ապահովել ապրանքների ազատ տեղաշարժ, միաժամանակ՝ անտեսանելի վերահսկողություն:

 

Նորարարական լուծումներով վերահսկողության թվայնացման գործընթացը նոր մակարդակի կբարձրացնի ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների և բիզնեսի միջև գործակցությունը` նպաստավոր պայմաններ ստեղծելով բարեխիղճ հարկ վճարողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:  

  • Կիսվել: