Փաշինյանը՝ միկրոբիզնեսի շեմը կրկնապատկելու և դրոշմապիտակավորման համակարգի ընդլայնման մասին
ՊԵԿ նախագահի առաջ խնդիր եմ դրել, որ դրոշմապիտակներով համակարգը, այսինքն՝ ապրանքների ցանկը, պետք է այս տարի մաքսիմալ ընդլայնվի: Հաջորդող շրջանում մենք պետք է մտածենք այս շուկայում այլընտրանքներ ձևավորելու հնարավորությունների մասին: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 18-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2027 թվի հունվարի 1-ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի դրոշմապիտակավորման [համակարգը], այսինքն՝ ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, պետք է դրոշմապիտակավորել, այն, ինչ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ է պետք դրոշմապիտակավորել, որովհետև նման բան չկա՝ հնարավոր չլինի դրոշմապիտակավորել: Այսինքն՝ եթե ապրանքներ կան, որոնց գինը այդքան չէ, բայց եթե համախառն գինն այդքան է, դա էլ է պետք դրոշմապիտակավորել»,- ասաց նա:
Անդրադառնալով միկրոբիզնեսին՝ Փաշինյանը հայտարարեց՝ միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկել և կարգավորում մտցնել:
«Եթե որևէ ձեռնարկություն (դա վերաբերում է և՛ միկրոբիզնեսին, և՛ շրջանառության հարկով աշխատողին) տարվա մեջ 3 անգամ չթողարկելու համար արձանագրեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի պետք է զրկվի ընդհանրապես և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց, այսինքն՝ պետք է միանգամից մտնի, և 5 տարի պետք է արգելվի, միայն ԱԱՀ-ի համակարգով պետք է աշխատի:
Հասկանում եմ, որ սա կարող է ոմանց համար նշանակել դե ֆակտո փակում, ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն: Չի կարող այլ կերպ լինել: Ես հանձնարարում եմ, որ այս երկու կարգավորումն իրար հետ անենք, որպեսզի 2027 թվի հունվարի 1-ից աշխատի: Միկրոբիզնեսը 24-ից դառնում է 50 մլն դրամ տարեկան շրջանառությունը, բայց միկրոբիզնեսով և շրջանառության հարկով աշխատող ցանկացած ընկերութուն, որը 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ կտրոն չթողարկելու փաստ արձանագրեց, 5 տարի այդ ընկերությունը դուրս է գալիս և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութան հարկի համակարգից, և պետք է գործի ԱԱՀ-ի հարկի համակարգում:
Հունվարի 1-ից այս կարգավորումը նույնպես պետք է ուժի մեջ մտնի»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համակարգը պատրաստ է դրան:



