ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով. էկոնոմիկայի նախարարություն

Պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով. էկոնոմիկայի նախարարություն

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ մամուլում վերջին օրերին տարածվող հրապարակումները, համաձայն որոնց չի իրականացվելու 2022 թվականի մարտի 3-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը», և հերթագրված ֆերմերներին խոստացել են վերադարձնել վճարված գումարները, չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու նպատակ։

«Կոչ ենք անում զերծ մնալ գյուղատնտեսական տարվա անխոչընդոտ մեկնարկին վնասող և ապատեղեկատվություն տարածող հրապարակումներից․ դրանք կարող են հանգեցնել գյուղացիների և ֆերմերների մոտ պետական աջակցության ծրագրերի նկատմամբ անվստահության առաջացմանը, ինչի արդյունքում կարող եք վերջիններիս զրկել պետական աջակցության ծրագրերից օգտվելու և իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորությունից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

Ապրիլի 9-ի դրությամբ ունեցած օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 5400 տոննա և ՀՀ 8 մարզեր է մատակարարվել 2550 տոննա պարարտանյութ (Արագածոտնի մարզ` 400 տոննա, Արմավիրի մարզ` 1100 տոննա, Կոտայքի մարզ` 160 տոննա, Լոռու մարզ` 120 տոննա, Շիրակի մարզ` 340 տոննա, Վայոց ձորի մարզ` 80 տոննա, Սյունիքի մարզ` 300 տոննա, Տավուշի մարզ` 50 տոննա)։

Նախարարությունից ընդգծում են, որ պարարտանյութերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն և մատակարարումը ՀՀ մարզեր ընթացքի մեջ են․ ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում:

Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքն իրականացվում է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

  • Կիսվել: