Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2027 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 10 ծրագրի շրջանակում իրականացնել 60 միջոցառում՝ 5-ը՝ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, 5-ը՝ պայմանական՝ գյուղատնտեսության ոլորտում։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչու է Կառավարությունն ուշացնում Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի՝ կարկտահարության հետևանքով կրած վնասների փոխհատուցման գումարը, Պապոյանը նշեց՝ 2024-2025 թվականներին, ըստ էության, ապահովագրություն չի եղել, սակայն Կառավարությունն ամբողջությամբ սուբսիդավորել է այն տրամաբանությամբ, որով նախկինում գործել է ապահովագրությունը։
«Այդ ծավալով մեր քաղաքացիների վնասները սուբսիդավորվել են, այդ թվում՝ ձեր նշած գյուղերում»,– տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ այս տարի նման որոշման կարիք չկա, որովհետև ապահովագրական համակարգը նորից մտել է ընթացքի մեջ, և էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ ստացել է 400 միլիոն դրամի հաշիվներ, որոնք պատրաստ են վճարման՝ իրենց մասով։
«Այդ 400 միլիոն դրամն ամբողջությամբ փոխանցվել է ապահովագրական ընկերություններին։ Կա ևս մոտավորապես 400 միլիոն դրամի գումար, որը, մեր կարծիքով, դեռ ստանալու ենք, բայց չենք ստացել։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք դեռ չեն ստացել, իրենց ապահովագրական ընկերության և ԿԲ-ի ենթակայության հիմնադրամի հետ դեռևս ունեն չվերջնականացված հարց՝ անհամաձայնություն»,– հայտնեց նախարարը։
Նրա խոսքով՝ այն, ինչ եկել է էկոնոմիկայի նախարարություն և պատրաստ է եղել վճարման՝ արդեն 400 միլիոն դրամից ավելի գումար, ամբողջությամբ վճարվել է։
«Բյուջետային տարին դեկտեմբերի վերջին արդեն ավարտվում է, և մենք խնդիր ենք ունենալու, եթե այդ վճարումները չանենք։ Մենք ևս շահագրգռված ենք, որպեսզի տուժողները՝ ապահովագրված մարդիկ, ապահովագրող ընկերությունները և հիմնադրամը կարողանան արագ այդ գործընթացն ավարտել ու մնացած հաշիվները ներկայացնել մեզ, որպեսզի վճարենք։ Եկող տարվա համար նախատեսել ենք 400 միլիոն դրամ, բայց եթե, Աստված մի արասցե, բնական աղետները շատ լինեն, ապա վերաբաշխումներ կանենք, կավելացնենք»,– նշեց Պապոյանը։



