Որպես ռեզերվ պահած 600 հատ էլեկտրական մեքենաները ֆիզիկական անձանց տրամադրելու որոշումը տարակուսելի է. հայտարարություն
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների Ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ իր տարակուսանքը հայտնելով նախօրեին կառավարությանկայացրած որոշման վերաբերյալ, որով սահմանվեց, որ Հայաստան ներկրվող էլեկտրական ավտոմեքենաների քվոտայի վերջին 600 հատը տրվեց նաև ֆիզիկական անձանց, ոչ թե այդ ոլորտով զբաղվող պաշտոնական ներկայացուցիչ ընկերություններին:
Հայտարարությունում ասվում է. «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների Ասոցիացիան», որն արդեն հինգ տարի է, ինչ հետեւողական աշխատանք է տանում երկրում քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ ավտոշուկա ձեւավորելու, անվտանգային հարցեր լուծելու ուղղությամբ, դեռեւս 2021 թվականից ակտիվորեն նպաստել է Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացմանը՝ լինելով էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար նախատեսված արտոնություններ սահմանելու ջատագովներից մեկը։
Այս ընթացքում բազմիցս հանդիպումներ ենք ունեցել պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, տվել ենք պարզաբանումներ եւ հիմնավորումներ, որոնք նաեւ հետագայում օգտագործվել են նշված հարցը Մաքսային միության մակարդակում բարձրացնելու եւ մեր քաղաքացիների եւ երկրի շահերից բխող լուծումներ ստանալու համար։ Առանց ավելորդ համեստության կարող ենք նշել, որ Ասոցիացիայի հետեւողական աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ Հայաստանի համար սահմանվել են էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման արդեն մի քանի տարի գործող արտոնությունները։
Արտոնությունների գործարկման առաջին իսկ տարուց պետական մարմինների հետ քննարկումների արդյունքում ձեւավորվել էր հստակ մոտեցում, որ Հայաստանի Հանրապետության համար սահմանված քվոտայից որոշ քանակություն, այն է՝ թվով 600 ավտոմեքենա յուրաքանչյուր տարի առանձնացվում է որպես ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից եւ դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականցնող կազմակերպություններին՝ պաշտոնական ներկայացուցիչներին, ռիսկերից ապահովագրելու նպատակով։
Այս մոտեցումը համաձայնեցվել է ոլորտը կարգավորող պետական կառույցների հետ, առաջին հերթին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ եւ հստակ արձանագրված է Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորումներում։ Հենց այս տրամաբանությամբ էլ Ասոցիացիայի անդամ պաշտոնական ներկայացուցիչները կազմակերպել են իրենց գործունեությունը՝ վստահ լինելով, որ կարող են սինքրոնացնել ավտոմեքենաների արտադրական ցիկլերը քվոտայի սպառման տեմպերի հետ։
Թեպետ նախորդ երկու տարիներին քվոտաները չէին սպառվել, ակնհայտ էր, որ 2024 թվականին պատկերը այլ է լինելու, եւ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ասոցիացիան արդեն իսկ օգոստոս-սեպտեմբերին դիմեց համապատասխան պետական մարմիններին՝ առաջարկելով առանձնացված ռեզերվից օգտվելու մեխանիզմներ:
Սակայն մեծ էր տարակուսանքը, երբ նույն այն մարմինները, որոնք ժամանակին չէին առարկել այս ռեզերվը պահելու գաղափարին, կտրականապես դեմ արտահայտվեցին այս լուծմանը՝ բերելով մեր կարծիքով անընդունելի հիմնավորումներ առ այն, որ մինչ օրս էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումների շուրջ 75 տոկոսը իրականացվել է ֆիզիկական անձանց կողմից եւ, հետեւաբար, կարիք չկա այդ ռեզերվը պահել դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականցնող պաշտոնական ներկայացուցիչների համար։
Այս տեսանկյունից մեր համոզմամբ նշված փաստը առաջին հերթին պետք է մտահոգեր պետական մարմիններին հարկահավաքության ցուցանիշների, երկրում տեխնիկական անվտանգության մակարդակի տեսանկյունից, ինչպես նաեւ այն տեսանկյունից, որ 2024 թվականի համար քվոտաներ սահմանելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման հիմնավորումը ժամանակին լեգիտիմ ակնկալիքներ է ձեւավորել էլեկտրական մեքենաներ ներմուծող պաշտոնական ներկայացուցիչների մոտ, որոնք որպես ինստիտուցիոնալ բիզնես կառույցներ, վստահել են ՀՀ կառավարությանը եւ ձեւավորված այդ ակնկալիքին էլ համապատասխան կազմակերպել են իրենց հետագա բիզնես վարքագիծը։
Այդուհանդերձ, ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը հիմք է ծառայում հակառակի՝ ինստիտուցիոնալ կառույցներին երկրորդական դիրք ուղարկելու համար։
Այս կապակցությամբ ի թիվս այլոց ցանկանում ենք շեշտել հետեւյալ կետերը.
- Հիմնվելով ձեռք բերված եւ Կառավարության որոշման հիմնավորումների մեջ հստակ ձեւակերպված պայմանավորվածությունների վրա՝ պաշտոնական ներկայացուցիչները այժմ կրելու են զգալի վնասներ՝ ստիպված լինելով լրացուցիչ մաքսատուրք վճարել այն ավտոմեքենաների ներմուծման համար, որոնք կհասնեն Հայաստանի քվոտայի լրանալուց հետո։ Սա իր հերթին կհանգեցնի ավտոմեքենաների գնի բարձրացմանը, կհարվածի սպառողների գրպանին, ինչպես նաեւ կհանգեցնի նաեւ հավելյալ վնասների՝ հաշվի առնելով, որ ճանապարհին գտնվող մեքենաների մի մասն արդեն վաճառված է, եւ դրանց թվում կան այնպիսի ավտոմեքենաներ, որոնք պետական գնումների շրջանակում պետք է մինչեւ տարվա վերջ մատակարարվեն՝ պայմանագրով սահմանված քանակներով ու արժեքով:
- Պաշտոնական ներկայացուցիչները, որոնք արտադրողի հետ աշխատում են դիլերական պայմանագրերի հիման վրա չեն կարողանալու կատարել իրենց տարեկան պլանները, ինչը նաեւ ազդելու է այդ ընկերությունների հետագա գործունեության վրա՝ հանգեցնելով շոշափելի տնտեսական եւ համբավային կորուստների։
- Ռիսկեր են առաջանում 2025 թվականի համար նախատեսված քվոտայի օգտագործման տեսանկյունից։
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուիչների ասոցիացիան» հերթական անգամ պատրաստակամություն է հայտնում համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ու սահմանել ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակները, դիտարկել 2025 թվականի քվոտան ի շահ ինստիտուցիոնալ, արդյունավետ ու անվտանգ ավտոմոբիլային միջավայր ստեղծելու տարբերակները, ինչպես նաեւ հայտարարում, որ հետեւողական աշխատելու է երկար տարիներ պարտաճանաչ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ներկայումս գրանցվող ոչ հետեւողական մոտեցման պատճառով հասցված վնասի փոխհատուցում ապահովելու ուղղությամբ։