ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ներքին արտադրողի պաշտպանությանը

Օրենքի նախագիծը վերաբերում է ցեմենտի ներմուծմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից: ԻԻՀ-ում էներգակիրները բավականին էժան են, իսկ վերջին շրջանում արդեն իրանական մանաթը նույնպես արժեզրկվում է, ինչի հետևանքով նկատվում է ցեմենտի ինքնարժեքի անկում: Այդ պատճառով այն հակամրցակցային է դառնում Հայաստանի ցեմենտ արտադրողների համար, ինչի հետևանքով  2024  թվականին Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման հաշվին բավականին կրճատվել է: Հաշվարկ ենք արել և ինքնարժեքների համահարթեցման նպատակով առաջարկում ենք պետական տուրքի 200-ապատիկը դարձնել 800-ապատիկ, որպեսզի կարողանանք պաշտպանել ներքին արտադրողին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ մայիսի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում և քննարկել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

 

  • Կիսվել: