երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար. հանձնաժողովը քննարկել է բյուջետային համակարգին առնչվող նախագծեր

Օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար. հանձնաժողովը քննարկել է բյուջետային համակարգին առնչվող նախագծեր

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում նաև ամրագրվում է կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, և որը պետք է գտնվի ՀՀ կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականներն առաջին ընթարցմամբ քննարկել են ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ՀՀ կառավարության մի քանի որոշումների համար իրավական հիմք ապահովելու, ինչպես նաև հետագայում համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ:

Ըստ փոխնախարարի՝ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները:

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

 

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ նախագծով օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթն ու օրինագիծը ստացել են դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: