հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օդի տուրքի արտոնությունից բացի, այլ արտոնություն Ryanair ընկերությանը չի տրամադրվել. Տիգրան Ավինյան

Օդի տուրքի արտոնությունից բացի, այլ արտոնություն Ryanair ընկերությանը չի տրամադրվել. Տիգրան Ավինյան

Որեւէ գումար հարկատուների հաշվին չի տրամադրվելու լոուքոսթեր Ryanair ընկերությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ««Օդի տուրքի» արտոնությունը, որ սահմանել ենք, սահմանել ենք բոլոր ընկերությունների համար, որոնք կսպասարկեն նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել նախորդ 12 ամիսների ընթացքում, ոչ մի ուրիշ արտոնություն չի տրամադրվել»,-տեղեկացրեց կառավարության պաշտոնյան։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ի՞նչ շահույթ է ակնկալում լոուքոսթեր ավիաընկերությունը, փոխվարչապետը պատասխանեց․ «Ես բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ դրանք կենտրոնանում են էֆեկտիվության վրա»։

Նա ցրեց այն մտավախությունը, թե Ryanair-ը կարող է մենաշնորհային դիրք զբաղեցնել շուկայում՝ ընդգծելով, որ օդի տուրքի արտոնությունը սահմանված չէ մեկ ընկերության համար: «Այդ արտոնությունը այն ուղղության համար է, որը նոր դաշտ է ստեղծում, որ մրցակցությունը բարելավվի և նոր խաղացողներ մտնեն շուկա։ Միայն խոսվում էր Եվրամիության և Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով հավելյալ աջակցության մասին, որը կրկին հարկատուները չեն վճարելու»։

Ավինյանը նաև նշեց, որ երկրորդ ուղղությունը, որ պետք է զարգացնենք, տեղական ավիափոխադրողների ծրագրի խթանումն է, որի մասին 1-2 տարի հետո կարող ենք խոսել։

Նշենք, որ Ryanair-ը վերջերս է մտել հայկական շուկա։ Ընկերությունը ազդարարել է մի շարք եվրոպական ուղղություններով նոր չվերթեր բացելու մասին, որոնց տոմսերի գինը միջինում կլինի 35 եվրո։ Սակայն մամուլում լուրեր տարածվեցին, որ նման պայմաններ ապահովելու դիմաց լոուքոսթերը պետությունից պահանջել և ստացել է խոշոր սուբսիդիաներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: