երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հունվարին օդում չտարբերակված փոշու պարունակությունը 2 անգամ գերազանցել է սահմանային կոնցենտրացիան. Ավինյանը՝ անելիքների մասին

Հունվարին օդում չտարբերակված փոշու պարունակությունը 2 անգամ գերազանցել է սահմանային կոնցենտրացիան. Ավինյանը՝ անելիքների մասին

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու պարունակությունը հունվարին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 2 անգամ։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդի որակի և առհասարակ օդում առկա փոշու հետ կապված անելիքներին։

«Բայց Երևանի քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն քաղաքապետարանի լիազորություններով, հետևապես, սա մեզ համար պետք է դառնա առաջնային խնդիրներից մեկը»,- ասաց նա։

Ըստ քաղաքապետի՝ մեծ ծավալի օդի որակի չափման սարքեր են տեղադրվել, և պարզվել է, որ տարբեր գործոններով պայմանավորված, շատ դեպքերում՝ ոչ մարդածին գործոններով պայմանավորված՝ ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Բայց կան նաև մարդածին գործոններով պայմանավորված խնդիրներ: Ավինյանը կարծում է՝ պետք է երկու ուղղությամբ էլ գործուն քայլեր ձեռնարկել:

«Սա համարում եմ, որ բոլորիս գործն է, և, առաջին հերթին, Երևանի քաղաքապետարանի անելիքն է: Մեր գործընկերների հետ աշխատելով, հարցը ուշադրության կենտրոնում պահելով՝ մենք պետք է սկսենք կոնկրետ գործուն քայլեր ձեռնարկել, կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք նվազագույնը մարդածին աղտոտվածության մակարդակը կարող են նվազեցնել»,- ասաց նա:

Ավինյանը նաև նշեց, որ օդի որակի խնդիր առաջանում է հատկապես աշնան սեզոնի վերջում, ձմռան սեզոնի ընթացքում, խնդիրներից են օդի ջերմաստիճանն ու կանաչ զանգվածի պակասը, ուստի պետք է կանաչապատման քաղաքականության մեջ ևս փոփոխություններ իրականացնել, ունենալ մշտադալար ծառատեսակներ, որոնք նաև կանաչ են լինում ձմռան ամիսներին:

Օդի աղտոտման խնդիր են նաև ավտոմեքենաները, որոնք չունեն կատալիզատոր, ուստի, Ավինյանը կարծում է՝ պետք է կոմպլեքս ծրագիր իրականացնել:

  • Կիսվել: