երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ոչ գազ ունենք, ոչ սեփականության վկայական. «Կոմիտաս պարկի» բնակիչները բողոքում են կառուցապատողից

Ոչ գազ ունենք, ոչ սեփականության վկայական. «Կոմիտաս պարկի» բնակիչները բողոքում են կառուցապատողից

«Կոմիտաս պարկի» բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կառուցապատող ընկերությունից կատարել պարտավորությունները։

«Մեր բնակարանները պետք է հանձնեին 2023–ի դեկտեմբերին, սակայն, մինչեւ հիմա չունենք սեփականության վկայական։

Ստիպված սկսել ենք վերանորոգել, տեղափոխվել ապրելու, բայց գազ չունենք, որովհետեւ վճարումը պիտի անի կառուցապատողը, որը սակայն չի անում։ Մենք հիմա ամսական մինչեւ 100 հազար դրամ հոսանքի վճար ենք տալիս, որ մի կերպ ջեռուցենք, գանք ապրենք, սա էլ մեկ այլ խնդիր ունի՝ հոսանքի ապահովիչները չեն դիմանում»,– ասացին բնակիչները։

Նորակառույց շենքի մեկ այլ բնակիչ ևս բողոքով հանդես եկավ՝ նշելով, որ համալիրը ունի ավարտական ակտ, բայց շահագործման ակտ դեռ առկա չէ: «Մարդիկ չունեն սեփականության վկայաններ, որոնք ևս անհարմարություն են ստեղծում շատերի համար: Ունենք նկարներ, որ բնակիչների տանը կոյուղին սառցակալել է ու պայթել, արդյունքում՝ ամբողջությամբ լցվել է մարդկանց վերանորոգված բնակարանները»:

Բնակչի խոսքով՝ բնակիչների մի մասը, բնակարանները ձեռք են բերել պետական ծրագրով, դա նշանակում է, որ կողմ է հանդիսանում նաև պետությունը: Իրենք գրավոր դիմում են ուղարկել համապատասխան մարմիններին, վարչապետի աշխատակազմին, սակայն գրությունները մինչ օրս մնացել են անպատասխան: «Մենք փորձել ենք նաև կառուցապատողի հետ հանդիպել, դեռևս նոյեմբեր ամսին խոստացել են 4-5 օրյա ժամկետում որոշ պարզաբանումներ անել, բայց մինչև հիմա չեն պատասխանել:

Եռակողմ հանդիպում ենք խնդրել, սակայն կառուցապատողը մերժել է ու չի մասնակցել հանդիպմանը՝ հավաստիացնելով, որ մինչև հունվարի 31-ը լուծում կտրվի, բայց ինչպես տեսնում ենք, լուծում չկա»,- նշեց բնակիչը:

  • Կիսվել: