չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նորանշանակ մաքսային կցորդը՝ Լարսի անցակետի մասին

Նորանշանակ մաքսային կցորդը՝ Լարսի անցակետի մասին

Կառավարության նիստում Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ թեկնածությունը քննարկվել է Արտգործնախարարության և Արդարադատության կողմից։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: «Թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է աշխատելու: Նա աշխատելու է Վերին Լարսի մոտակայքում»,-  նշեց նա։

Կառավարության նիստից հետո Արամ Թանանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր լիազորությունները դեռ վերջնական չեն սահմանվել։

Նա միաժամանակ ասաց, որ ՊԵԿ-ն ընդունել է զարգացման 5-ամյա ռազմավարություն: «Դուք տեսել եք, թե վերջին 1.5 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել մեր համակարգում: Մեր համակարգը միտված է ապահովել երկրի ամբողջ շրջանառությունը: Եվ այդ ֆոնի վրա հիմա նաև ծավալվում ենք դեպի հյուսիս, որովհետև Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,- նշեց նա:

Արամ Թանանյանը նաև հայտնեց, որ Վերին Լարսում առաջացող խնդիրները լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգով, տարբեր կապի միջոցներով. «Մենք արդեն հնարավորություն կունենանք առերես քննարկել բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված: Լարսում կունենանք դեմք, ով կներկայացնի մեր երկիրը»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: