շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոր նախագծով առաջարկվում է բուքմեյքերական հաշիվները լիցքավորել անկանխիկ եղանակով

Նոր նախագծով առաջարկվում է բուքմեյքերական հաշիվները լիցքավորել անկանխիկ եղանակով

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել 3 եղանակով. առաջինը՝ կանխիկ, երկրորդը՝ անկանխիկ, երրորդը՝ էլեկտրոնային փողի միջոցով:

Նախագիծն առաջարկում է օրենքի ընդունումից հետո հանել կանխիկ հատվածը: Այսինքն՝ հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները: Այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիդցքավորել բուքմեյքերական հաշիվները»,- ասաց նախագծի համահեղինակ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ նպատակ կա թափանցիկ դարձնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով. այսօր հասարակության մի զգալի հատված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: Վերոնշյալի հետ կապված, հատկապես անապահով խավերի դեպքում, սոցիալական խնդիրներն ավելի են սրվում:

Մասնավորապես, եթե 2018 թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020 թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվն արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի:

Ըստ որոշ գնահատականների՝ 2021 թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաև խաղացողների թիվը՝ 2018-2020 թ. բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18 093-ից հասնելով 44 082-ի:

Այսինքն՝ 2020 թ., 2018-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: Այսօր արդեն այս ցուցանիշն ավելի է մեծացել և, մեր գնահատմամբ, տնտեսական և ընդհուպ՝ անվտանգության խնդիրներ է պարունակում: Ընդ որում՝ մեր գնահատմամբ, կանխիկով՝ առանց որևէ սահմանափակման և վերահսկողության, ըստ էության, անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է անձանց նման վարքագծի և հանգեցնում նման շեշտակի աճի:

Բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարևոր խնդրի լուծում՝ կբարձրացնի թափանցիկությունը, և այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով ևս հետևի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը:

Կլուծվի մի շատ կարևոր խնդիր. պետության և հասարակության առջև ֆինանսական պարտավորություններ ունեցող, դրանք կատարել չկարողացող, սոցիալական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ շահումով խաղերին մասնակցելը էապես կնվազի, քանի որ կանխիկով և «պարտքով» խաղալը էապես բարդանալու է: Կարևոր ենք համարում նաև օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորումը, որն արգելում է էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը կամ բուքմեյքերական հաշիվներ լուծելը, ինչը հնարավորություն կտա բացահայտել խաղադրույքների կատարման ամբողջական շղթան և հետագայում առավել ճշգրիտ և հասցեական խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն իրականացնել:

Այս նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի նաև բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը և անհրաժեշտության պարագայում հիմնավորված կերպով անցնել ավելի արդար հարկման համակարգի: Հատկանշական է, որ զուգահեռ՝ ՀՀ-ում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, և անկանխիկ գործառնությունների անխափան, պարզ ու արագ իրականացման համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային և կրթական գործողությունները, հետևաբար որևէ կերպ չի սահմանափակվում մարդու՝ ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունը: 

Կարևոր փոփոխություն է նաև այն, որ քաղաքացիներն իրենց շահումները կարող են ստանալ բացառապես անկանխիկ եղանակով, ինչը ևս կնպաստի հասարակության տարբեր շերտերի դեպքում անկանխիկ գործառնությունների մշակույթի ձևակերպմանը:

Առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում՝ անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին:

Շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով: Կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման և խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:

  • Կիսվել: