Նոր կարգավորում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման հարցում
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության համապատասխան որոշմամբ փոխանցվել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց է: Նախագծի ընդունման նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Վերոնշյալ փորձաքննության իրականացման կարգը սահմանվելու է լիազորող մարմնի կողմից:
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Նոր կարգավորման նպատակն իրավական հիմքերի ապահովումն է: Նախագծի ընդունումը կնպաստի ԵԱՏՄ եւ երրորդ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակական ապահովմանը եւ սպառողի շահերի պաշտպանությանը:
Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում մտքեր են փոխանակել թանկարժեք մետաղների շրջանառության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի` երկրորդ ընթերցմամբ քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով: