չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ներդրումային նոր օրենքն արդեն պատրաստ է. էկոնոմիկայի նախարար

Ներդրումային նոր օրենքն արդեն պատրաստ է. էկոնոմիկայի նախարար

Նոր ներդրումային օրենքն արդեն պատրաստ է, դրա ընդունումը կավարտվի տարեվերջին: Այս մասին այսօր «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ օրենքը նոր մակարդակի կբարձրացնի ներդրումների պաշտպանությունը եւ կամրապնդի բաց դռների քաղաքականությունը. «Մասնավորապես, մենք քննարկել ենք ներդրումների համար հինգ տարվա արտոնյալ ժամկետ։ Մենք զգալիորեն ինստիտուցիոնալացրել ենք այն եւ զգալիորեն ամրապնդել հինգ տարվա կանոնը։ Մենք մշակել ենք շատ ավելի հստակ կանոններ տարբեր իրավիճակների համար՝ ինչ կանի կառավարությունը, ինչ կանի բիզնեսը»։

Պապոյանը հավելեց, որ ստեղծվել է նաեւ ներդրումային աջակցության մարմին, որը գլխավորում է փոխվարչապետը: Այդ մարմինը, նրա խոսքով, լուծում է այն խնդիրները, որոնք ներդրողները եւ նախարարությունը չեն կարողանում լուծել։

«Վերջապես, մենք ունենք ներդրումային քաղաքականության վերանայում, որը ներկայացնում է երկրի ներդրումային տեսլականը, հիմնական նպատակները եւ ներդրումների համար ամենագրավիչ ոլորտները։ Մենք փորձել ենք առաջարկություններ անել միկրոմակարդակում»,-ասաց Պապոյանը:

Նախարարը նաեւ հայտնեց, որ ԱԺ-ում գործընկերների հետ քննարկումներ են ունեցել հարկային խախտումների համար քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները փոփոխելու հնարավորության վերաբերյալ՝ նման դեպքերի թիվը նվազեցնելու նպատակով։

Պապոյանը նշեց. «Հարկային խախտումների համար քրեական պատասխանատվությունը մեզ հետաքրքրում է մրցակցության եւ մրցակցային դաշտըի չխաթարելու ապահովման տեսանկյունից։ Եթե ինչ-որ մեկը դիտավորյալ արել է մի բան, որը խաթարել է մրցակցային դաշտը՝ հանգեցնելով ուրիշների համար զգալի ֆինանսական խնդիրների, ապա տրամաբանական է, որ նա պետք է պատժվի։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանց գործողությունների արդյունքում մյուս 10-20 ընկերությունները հայտնվել են ոչ մրցակցային իրավիճակում»։

Նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը համարում է հիմնական քաղաքական նպատակ։

Ըստ նրա՝ դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ արտաքին, սակայն Պապոյանը միեւնույն ժամանակ վստահ է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, սահմանների ապաշրջափակումը եւ Հայաստանում տրանսպորտային ու կապի ուղիների կառուցումը կհանգեցնեն մեր ներդրումային միջավայրի զգալի բարելավմանը:

  • Կիսվել: