հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մասնակցում էին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 24-րդ համաշխարհային համաժողովին։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում:

ՄՍՇՊՀ-ն Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ համագործակցում է Մրցակցության միջազգային ցանցին  (ICN) անդամակցության շրջանակներում։ Երկու մարմինների միջև համագործակցությունը նոր թափ է ստացել Եգիպտոսի մրցակցային մարմնի կողմից «Մրցակցության շահերի պաշտպանություն» աշխատանքային խմբի նախագահությունը ստանձնելուց հետո, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի մրցակցային մարմինը։

  • Կիսվել: