երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մոնղոլիայի շուկան բացվում է Հայաստանի առջեւ. հայկական կողմին տրվող զիջումները կծածկեն ՀՀ-ից Մոնղոլիա արտահանման 98%-ը

Մոնղոլիայի շուկան բացվում է Հայաստանի առջեւ. հայկական կողմին տրվող զիջումները կծածկեն ՀՀ-ից Մոնղոլիա արտահանման 98%-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և դրա անդամ երկրների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրմանը:

Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել Կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել Կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։

Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի կողմերի միջև առևտրի ընդլայնում և դիվերսիֆիկացում, ինչպես նաև բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները:

Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում կից ցանկերը`յուրաքանչյուր Կողմի համար 375 ապրանքային դիրքով, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ։

Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը 30%), կոնյակը (դրույքաչափը 15%), շոկոլադը (դրույքաչափը 5%), հանքային ջուրը (դրույքաչափը 5%), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5%)։

Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը։Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։ Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև1 մլն դոլար։

Համաձայնագրով նախատեսվում էՀամաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն:

  • Կիսվել: