կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Միջին աշխատավարձի աճը չի արտացոլում սոցիալական արդարությունը. Թադևոս Ավետիսյան

Միջին աշխատավարձի աճը չի արտացոլում սոցիալական արդարությունը. Թադևոս Ավետիսյան

«Շատ է խոսվում միջին աշխատավարձերի բարձրացման մասին, տարբեր համեմատություններ են կատարվում այս թեմայով, սակայն, մի կարևոր նյուանս դուրս է մնում քննարկումներից», -Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ քննարկումների տիրույթից դուրս է մնում աշխատավարձերի բարձրացման որակական հատկանիշը, կամ դրա սոցիալական բաղադրիչը։ Աշխատող աղքատների կյանքի որակը պատգամավորի գնահատմամբ նախորդ հինգ տարիներին նվազել է՝ գնաճով պայմանավորված, ինչի  հիմնական պատճառներից  է պատգամավորը համարում է աշխատավարձերի անարդար բաշխման խորացումը և ներառականության նվազումը։

Ավետիսյանը մեջբերեց պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ, այո՛, միջին աշխատավարձը 2025 թվականին, 2021 թվականի համեմատ, աճել է։ Մաքուր միջին աշխատավարձն ավելացել է շուրջ 80 հազար դրամով։ Սակայն, նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, աճել է ընդամենը 7 հազար դրամով՝ մոտ տասն անգամ պակաս։

Նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցությունը 2025 թվականին կազմել է 31 տոկոս։ Սա նվազող միտում է ունեցել, քանի որ 2025 թվականի դեկտեմբերին այդ հարաբերակցությունը եղել է 25 տոկոս։ Մինչդեռ 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 43 տոկոս։

Ավետիսյանի խոսքով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2025 թվականին, Առողջապահության նախարարության սահմանած նորմատիվներով հաշվարկված, կազմում է շուրջ 80 հազար դրամ։ «Այսինքն՝ նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղը 50 հազար դրամով ավելի է, քան նվազագույն աշխատավարձի չափը։ 2021 թվականին զամբյուղի արժեքը եղել է 66 հազար 500 դրամ, որը 1500 դրամով ավելի էր նվազագույն աշխատավարձից»,- ասաց Ավետիսյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ից։ Ըստ այդ փաստաթղթի՝ աշխատավարձերի արդար բաշխումն ապահովելու համար այն վավերացրած երկիրը պարտավոր է ապահովել, որ նվազագույն աշխատավարձը պակաս չլինի միջին աշխատավարձի 40 տոկոսից։Նա նաև հիծեցրեց, որ  ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսված է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, սակայն ներկայումս այն այդ ցուցանիշից 10 հազար դրամով պակաս է։ Մինչդեռ միջին աշխատավարձի 40 տոկոս շեմը ապահովելու և միջազգային պարտավորությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ նվազագույն աշխատավարձի չափը բարձրանա և հասնի առնվազն 95 հազար դրամի։

  • Կիսվել: