երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Մի շարք մասնագիտական աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ

Մի շարք մասնագիտական աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ

Առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառության հարկով հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Խոսքը տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով նախատեսված գործունեության հետևյալ տեսակների մասին է՝ իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեության, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի շինարարության, քաղաքացիական շինարարության, մասնագիտացված շինարարական գործունեության, անշարժ գույքի հետ գործառնությունների՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության, տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների, գովազդային գործունեության և շուկայի իրավիճակի հետազոտության, մասնագիտական, գիտական ու տեխնիկական այլ գործունեության, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեության, առողջապահական գործունեության տեսակներ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 7-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ խոսքը 10 հազար սուբյեկտի մասին է:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագիտական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար ձևավորել միասնական և հավասար հարկային միջավայր: Ակնկալվում է նաև վերացնել հարկման տարբեր համակարգերի միջև գործարքների իրականացմամբ  հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ ագրեսիվ հարկային պլանավորման և հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունները:

«Գաղտնի չէ, որ Կառավարության հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի, այսինքն՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի և շրջանառության հարկով հարկման համակարգի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է: Մասնավորապես, խնդիրն այն է, որ մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտային հարկ, իսկ նույն կամ բազմաթիվ այլ մասնագիտական աշխատանք կատարողները, օրինակ՝ անհատ ձեռնարկատերերը, կա՛մ հարկ չեն վճարում միկրոձեռնարկատիրության համակարգում, կա՛մ վճարում են ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ:

Մյուս խնդիրն այն է, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում տնտեսվարող սուբյեկտներն ազատված են ձեռնարկատիրական հարկերից, իսկ շրջանառության հարկի համակարգում ձևավորվող հարկային բեռն էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում նույն գործունեության համար ձևավորվող հարկային բեռի համեմատությամբ: Այս հանգամանքն իր հերթին գործնական հնարավորություն է ստեղծելու, որպեսզի հարկման տարբեր համակարգերի միջև գործարքների իրականացմամբ և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ իրականացվի ագրեսիվ հարկային պլանավորում, կրճատվի վճարման ենթակա հարկերի իրական ծավալը»,- ասաց նախարարը:

Գործընթացի առաջին փուլի օրենսդրական փոփոխությունները, ըստ նախարարի, արդեն իսկ կատարվել են. դրանք ուժի մեջ են մտնելու 2025-ի հունվարի 1-ից, իսկ վերոնշյալ որոշման նախագծի փոփոխություններն ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից: Որոշման նախագիծը կքննարկվի նաև խորհրդարանում:

  • Կիսվել: