կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է: «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խումբն այժմ իրականացնում է փաթեթի ուսումնասիրություն:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ նախագծող ընկերությունը փաթեթը պաշտոնապես ներկայացրել է հոկտեմբերի մեկին:

«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խմբի բոլոր անդամներին փաթեթը և նախնական օրակարգն արդեն ներկայացվել է, որոնք այժմ ուսումնասիրվում են: Այս շաբաթ նախատեսվում է մասնագիտական խմբի նիստ, որի օրակարգում դրված է այս փաթեթն ընդունելու և երկրորդ անգամ  պարզ փորձաքննության ներկայացնելու հարցը»,-նշեց Անետա Բաբայանը:

Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորման հարցին, նա ընդգծեց, որ այն քննարկվել է նաև միջազգային կառույցների հետ:

Ըստ նրա՝  բացի նրանից, որ 2025 թվականի պետբյուջեի նախագծում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման  համար արդեն նախատեսվել է մոտ 9,6 միլիարդ դրամ, այլ նաև քննարկվում է Եվրասիական հիմնադրամի և մի շարք այլ դոնոր կառույցների հետ՝ ծրագրի շրջանակում համագործակցության հարցը:

 

  • Կիսվել: