չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Մեր երկրների հիվանդանոցներում արժեքները գրեթե նույնն են. Բելգիայի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկաների գործադիր տնօրեն

Մեր երկրների հիվանդանոցներում արժեքները գրեթե նույնն են. Բելգիայի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկաների գործադիր տնօրեն

Երևանում արդեն այցելել եմ երկու հիվանդանոց, տպավորված եմ Հայաստանի հիվանդանոցների ենթակառուցվածքներով, ինչպես նաև բժիշկների կրթության որակով։ Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բելգիայի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկաների գործադիր տնօրեն Ֆիլիպ Լըռուան։

«Մենք մասնագիտացած ենք հազվագյուտ հիվանդությունների ոլորտում՝ գենետիկ հիվանդություններ, բարդ վիրահատություններ ու փոխպատվաստումներ։

Պետք է նշեմ, որ արժեքները, ըստ էության, նույնն են երկու երկրներում։ Վստահ եմ, որ կկարողանանք համագործակցություն սահմանել Հայաստանի որոշ հիվանդանոցների հետ։ Մի կողմից բժիշկների մասնագիտական վերապատրաստման՝ բարդ դեպքերի քննարկումների նպատակով, որպեսզի կարողանանք փոխադարձաբար խորացնել, բարելավել մասնագիտական հմտությունները, ինչպես նաև բարելավել խնամքը»,–ասաց նա։

Ասուլիսին մասնակցող Բելգիայի Ecosteryl ընկերության նախագահ Օլիվյե Դյուֆրեն իր հերթին նշեց. «Մեր ընկերությունը գործում է հիվանդանոցային թափոնների վերամշակման ոլորտում. «Մենք Բելգիայում այս ոլորտի առաջատարն ենք, մենք ստեղծում ենք մեքենաներ, որոնք հնարավորություն են տալիս էկոլոգիապես մաքուր ձևով վերամշակել հիվանդանոցային թափոնները և խուսափել այրումից։ Այստեղ մեր նպատակն է այն մասնավոր ընկերություններին, որոնք զբաղվում են այս թափոնների վերամշակումով, հնարավորություն տալ այնպիսի տեխնիկաներ գուցե արտադրել, որոնք կլինեն ավելի էկոլոգիական և պակաս ծախսատար, մյուս կողմից հիվանդանոցային ոլորտին ձեռք բերել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան այս թափոնները վերամշակել հենց հիվանդանոցներում։ Դա թույլ կտա խուսափել տրանսպորտից, որը ժամանակատար է, ծախսատար է։

Մենք արդեն իսկ օգնել ենք 100 երկրի և ուրախ ենք, այսօր կարող ենք նաև Հայաստանին աջակցել այս հարցում»։

  • Կիսվել: