հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր երկրի արտաքին պարտքը 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ. Տիգրան Խաչատրյան

Մեր երկրի արտաքին պարտքը 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարությունը 2021 թ. սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը` սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3,875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը` 3,6 տոկոս, 2019 թ. թողարկման 4,2 տոկոսի և 3,95 տոկոսի և 2015 թ. թողարկման 7,5 տոկոսի և 7,15 տոկոսի համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց և բացարձակ մրցակցային եղանակով:

Միջազգային հեղինակավոր «Ֆիտչը» և «Մուդիսը» 2021 թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»` կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը:

2021 թ. Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը` ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3 տոկոս, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ` 100 տոկոս: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թ. 92,3 տոկոս կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

2021 թ. համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս՝ տարեսկզբին կանխատեսված 3,2 տոկոսի փոխարեն: Նախարարը նշել է նաև, որ մեր երկրի արտաքին պարտքը 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ, որը 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46.2 միլիարդով:

  • Կիսվել: