երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մենք նվազագույն կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ. Արսեն Թորոսյան

Մենք նվազագույն կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ. Արսեն Թորոսյան

Մենք շատ ենք կարևորում մեր կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավումը, որի մեջ մտնում է նաև կենսաթոշակի վճարումը ինքնին, բայց ոչ միայն: Այդ մասին ԱԺ-ում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի՝ պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից ծառայություններ մատուցելով: Այս հարցին Կառավարությունը վերջին տարիներին անդրադառնում է նորարարական գործիքներով, որը հետվճարն է: Բոլոր մեր քաղաքացիները՝ 660 հազարից ավելի, և որոշ այլ քաղաքացիներ, որոնք այլ տեսակի նպաստներ են ստանում, կարող են իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանալիս իրականացնել առևտրի կետերից անկանխիկ ձևով և ստանալ հետվճար, որը մինչև հունվարի 1-ը եղել է 12 տոկոս՝ մինչև 6 հազար դրամ, որն արդեն հունվարին դարձել է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր բազային թոշակն ավելացնել 10 հազար դրամով»,- նշեց նախարարը: 

Նա ընդգծեց, որ կենսաթոշակները մի քանի անգամ բարձրացել են ոչ հետվճարի մեխանիզմով:

«Մենք նվազագույն կենսաթոշակն ենք բարձրացրել մի քանի անգամ, և գիտեք, որ այս պահին նվազագույն կենսաթոշակը, որը, ըստ էության, կոչվում է ծերության նպաստ, կազմում է 36 հազար դրամ, նախկինում դա եղել է 16 հազար դրամ: Միջին կենսաթոշակը, առանց հետվճարի, վերջին տվյալներով կազմում է 49500 դրամ, որի վրա կարող է ավելանալ պոտենցիալ 10 հազար դրամը»,- ասաց Արսեն Թորոսյանը:

  • Կիսվել: