ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մարզերում անշարժ գույքի գները առանձնապես ցածր չեն, որովհետև նույն ծախսերը այնտեղ են արվում. Գրիգորյան

Մարզերում անշարժ գույքի գները առանձնապես ցածր չեն, որովհետև նույն ծախսերը այնտեղ են արվում. Գրիգորյան

Արաբկիր վարչական շրջանում մեկ 14-հարկանի շենքի համար կարող է լիներ 50-60 մլն դրամի տեղական տուրք, տեղական վճարը եւս մի այդքան է: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:

«Դրանց գումարվում են մատակարար կազմակերպություններից յուրաքանչյուրի գծով միացումների հետ կապված վճարումները, ստացվում է քաղաքաշինական ծրագրի ինքնարժեքի վրա էական ազդեցություն թողնող թվաբանական տեսք։

Մեր կողմից կատարել ենք հաշվարկներ, դրանք ներկայացրել ենք նաև թե՛ կառավարության, թե՛ Ազգային Ժողովի և թե Երևան համայնքի գործընկերներին, և այդ հաշվարկների հիման վրա որոշակի մեղմացումներ տեղի ունեցան, ինչի համար շնորհակալ եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքը աստիճանաբար դուրս է գալիս, Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ իրենք ժամանակին կտռավարությանը ներկայացրել են իրենց կանխատեսումը, որ հեռավոր մարզերում կառուցապատողները կառուցապատման ծրագիր չեն իրականացնելու, և, ըստ էության, Երևանի փաստացի սահմաններն են ընդլայնվելու:

Կյանքը ցույց տվեց, որ մեր կանխատեսումները իրականություն դարձան, և մի քանի կուրորտային գոտիներից բացի, հիմնականում մերձերևանյան զոնաներում կառուցապատման ծրագրերը ունեցան ակտիվություն։

Ներկայումս գտնվում ենք ակտիվ քննարկումների փուլում և լիահույս ենք, որ դրանց արդյունքում կկարողանանք համատեղ ուժերով գտնել նոր լուծումներ, որոնք կփոխարինեն եկամտային հարկի հետ վերադարձի ծրագրին»,-ասաց նա:

Հարցին՝ մարզերում այս ոլորտում ներդրում անելը ձեռնտո՞ւ է, ասոցիացիայի նախագահը պատասխանեց. «Վաճառքի գները մարզերում այդքան էլ ցածր չեն, որովհետև հիմնական շինարարական հումքը կամ աշխատաշուկան կամ մնացած պրոդուկտները Երևանում են կենտրոնացած, նաև Երևանից տեղափոխման հետ կապված ծախսեր կան, ջրի խնդիրը կա, հոսանքի հետ կապված վճարները կան, որոնք բոլորն ինքնարժեքի վրա ազդեցություն են թողնում: Այսինքն ինքնարժեքը շատ չի տարբերվում Երեւանի եւ մարզերի»:

  • Կիսվել: