շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները

Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները

Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս: Դա ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս 18 տոկոսից օգտվել՝ վճարելով 10 տոկոս: Առաջարկվում է սահմանել եկամտահարկի ընդհանուր դրույքաչափեր:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում հարցը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Նրա խոսքով՝ որևէ կերպ չի արգելվելու փոխառությունը կազմակերպության եւ ֆիզիկական անձի միջեւ: Փորձ է արվում հավասարություն ապահովել տոկոսների մասով եւ թույլ չտալ, որ տոկոսով փոխառությունը տրվի բացառապես հարկային պլանավորման նպատակով:

Առաջինից երկրորդ ընթերցում երկու առաջարկ է ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը: Առաջարկներից մեկը մասնակի է ընդունվել, իսկ մյուսը՝ ոչ, քանի որ «Հայաստան» խմբակցությունն օրակարգից հանել է այդ առաջարկը՝ հաշվի առնելով Կառավարության հակափաստարկները: Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Կառավարությունն առաջարկում է նաև վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաև երկու և ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցման ինստիտուտը:Նշված կարգավորումներն առաջարկվում է « ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով:  Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ։ 

Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման համար սահմանվել է միասնական պատասխանատվության միջոց: Այն կկազմի 200.000 դրամ՝ գումարած նախորդ եռամսյակում ՀԴՄ-ի գործունեության բոլոր վայրերում արձանագրված հասույթի 0.5 տոկոսը:

Խստացվել են առանց ուղեկցող փաստաթղթերի  մատակարարման դեպքերի խախտումների ժամանակ պատասխանատվության մեխանիզմները: Արթուր Մանուկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով հաճախ տնտեսվարող սուբյեկտին շահավետ է խախտում կատարել, վճարել տուգանքը եւ չփաստաթղթավորել: Առաջին խախտման համար սահմանված 200.000 դրամ տուգանքը կփոխարինվի 500.000-ով, երկրորդի դեպքում՝ 500.000-ը՝ 2 մլն դրամով,  իսկ երրորդ եւ ավելի խախտումների դեպքում 1 մլն դրամի փոխարեն կսահմանվի 10 մլն դրամ: Օրինագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:  

  • Կիսվել: