Կիրանցի նոր կառուցվող տների մոտ պարիսպ չեմ հիշում որ կա, որովհետեւ պետությունը պարիսպ դրել է արդեն. Փաշինյան
Տավուշում պարիսպը գնացել ճիշտ տեղում կանգնել է, մենք այդ պաշտպանական պարիսպի տեղը այլևս ճիշտ ունենք ու մեր ներսի անվտանգային և իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Կիրանից հայտնի պատին։
Վարչապետ Փաշինյանն էլ նշեց. «Բայց ինչ հետաքրքիր բառ ասեցիք, այսքան, որ գնացել, եկել եմ, կարող է ես չեմ նկատել, որ Կիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ-որ պարիսպ չեմ հիշում, առնվազն բարձր պարիսպ»։
Երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ փողը չի հերիքել, դա առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը. «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողը չի հերիքում պարիսպի համար, բայց դա նորմալ է, ռացիոնալ է, համենայնդեպս, եթե առաջնահերթությունը պարիսպը լիներ, առաջինը պարիսպը կսարքեին։
Իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքել, որովհետև ճիշտ ասաց տիկին Ավանեսյանը, պետությունը պարիսպ դրել է արդեն»։
Տիգրան Խաչատրյան նկատեց, որ մարդկանց դրսում իրար հանդիպելն ավելի թանկ է, քան տանը, ու եթե ավելի շատ են սկսել իրար դրսում հանդիպել, նշանակում է՝ մարդկանց եկամուտներն ավելանում են։
«Այսօր պետության և համայնքների եկամտային հնարավորությունները էապես ավելանում են, և իրենք ավելի շատ են ներդրումներ կատարում այն համայնքային միջավայրում, որը իրենց տան պատից դուրս է։ Եվ այդ հարմարավետությունը պատից դուրս, պատից ներսին գնալով մոտենում է, որովհետև համայնքների և պետության ֆինանսական հնարավորություններն են ավելանում։ Հետևաբար պետք է բնական զարգացման մեջ մտածել այս հարցի մասին։
Օրինակ ես էլ 20 տարի առաջ, երբ տուն էի կառուցում, մի մեծ սենյակ էի կառուցում, որտեղ մտածում էի որ հարազատներին կարողանամ հավաքել։ 20 տարի առաջ դա էր մտածողությունը պահանջում, հիմա եթե այդ նույն բանը անեի, կարող է այլ կերպ անեի։ Հիմա երիտասարդները բնականաբար չեն էլ հասկանա դա: Եվ ես կարծում եմ, որ ժամանակի մեջ ամեն ինչ ճիշտ է»։


