Խախտումների հետ համաձայն չենք․ Կոտայքի մարզպետը՝ ՊՎԾ-ի արձանագրածի մասին
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համաձայն չէ Պետական վերահսկողական ծառայության արձանագրած խախտումների հետ։ Այս մասին նա ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք։ Գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք»,- ասաց մարզպետը։
Դեկտեմբերի 16-ին ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Կոտայքի և Լոռու մարզպետարաններում մի շարք խախտումներ և անհամապատասխանություններ է արձանագրել։ Մասնավորապես, Կոտայքի մարզպետի աշխատակազմում շուրջ 1,07 մլրդ դրամի խախտում կա։
Գործը հիմա դատախազությունում է։ Սահակյանը վստահեցնում է, որ ի վերջո ապացուցվելու է՝ նման բան չկա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե, հնարավո՞ր է, որ սկսված գործընթացի արդյունքում հենց իրեն մեղադրանք ներկայացվի, Սահակյանը նշեց՝ վստահ է, այդպես չի լինի։
Լրագրողները հիշեցրին մարզպետին, որ ՊՎԾ պետը Ռոմանոս Պետրոսյանն է, որը նախկինում Կոտայքի մարզպետն էր։ Հետաքրքվեցին՝ իսկ կարո՞ղ է խախտումները հենց նրա օրոք թույլ տրված լինեն, Սահակյանը նշեց՝ ամեն ինչ պարզ կլինի ստուգումների ավարտին։
Արդյոք մտավախություն չունի՞, որ շուտով իրեն էլ կարող են sms-ով աշխատանքից ազատել, Սահակյանն ասաց՝ բոլորն էլ մի օր ազատվելու են զբաղեցրած պաշտոնից, հաջորդ եկողը կշարունակի նախորդի գործերը։