երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով դիմել է 43 քաղաքացի

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով դիմել է 43 քաղաքացի

Հայաստանում 2023 թվականի դրությամբ 43 քաղաքացի դիմել է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով: Օրենքում կատարվող փոփոխություններով՝ քաղաքացիներն առաջիկայում նման պահանջով պետք է դիմեն ոչ թե Առողջապահության նախարարություն, այլ Միասնական սոցիալական ծառայություն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Ներկայումս կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների՝ ամբողջությամբ ստանալու պահանջը:

Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկում ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության որոշման գործառույթ և տրամադրում է եզրակացություն: Ըստ փոխնախարարի՝ սա առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառության և Առողջապահության նախարարության՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի  համար ոչ բնորոշ գործառույթ է:

«Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Մինչև օրս դիտվում է քաղաքացիների դիմելիության զգալի աճ: Մասնավորապես, եթե 2017-2018թթ  դիմել է 2 քաղաքացի, ապա 2023 թվականին՝ 43: Նախագծով նախատեսվում է տվյալ գործառույթը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը»,-ասաց փոխնախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից ճիշտ է, որ այս գործառույթը նույնպես իրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը, որ քաղաքացին կենսաթոշակային գրեթե բոլոր հարցերով դիմի այս ծառայությանը:

Քաղաքացին իր կենսաթոշակային  հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե  առկա են որոշակի հիվանդություններ: Այդպիսի հիվանդությունների ցանկը սահմանել է կառավարությունը, դրանում ներառված են, օրինակ՝ չարորակ նորագոյացությունները, նյարդային համակարգի որոշ հիվանդությունները, շաքարային դիաբետը` դեկոմպենսացված փուլում և այլն:

  • Կիսվել: