Կբարելավվեն գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն և մրցակցային միջավայր. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն իր խոսքում ասաց՝ նախագծերի փաթեթով էական փոփոխություններ են իրականացվում գնումների համակարգում:
«Հիշեցնեմ, որ գնումների համակարգը միշտ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն է գնում, այսինքն՝ մեզ մոտ կանոնակարգերը կա՛մ չափից դուրս խիստ են, մենք դրանով փորձում ենք ապահովել հարկատուների վճարած հարկերի արդյունավետ ծախսը, կա՛մ դրանք չափից դուրս ճկուն են, որով էլի փորձ է արվում, որ ապահովենք հարկատուների հարկերի արդյունավետ օգտագործումը, սակայն այս քայլով մենք փորձում ենք բալանս գտնել»,- ասաց Ավանեսյանը՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում օրենքների նախագծերի փաթեթով:
«Գնումների մասին» օրենքը թեև վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների, սակայն պահպանել է իր սկզբնական կառուցվածքը և կիրառման տրամաբանությունը:
Գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին և ժամանակակից տեխնոլոգիական հատուկ հնարավորություններին:
Դրա հետևանքով գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվում են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով: Ուստի նպատակահարմար է օրենսդրական փոփոխություններով խթանել գնումների համակարգի արդիականացումը, վարչարարության պարզեցումը և արդյունավետության բարձրացումը՝ ձևավորելով ավելի թափանցիկ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած միջավայր:
Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել և արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և մրցակցային միջավայր: Այն ստեղծում է հիմք նորարար մոտեցումների և տեխնոլոգիական լուծումների կիրառման համար:
Կարգավորումն ուղղված է գնումների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, մրցակցային միջավայրի խթանմանը և նոր մեխանիզմների փորձարկման հնարավորության ապահովմանը:



