երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Կաթնամթերքի շուկայում հայտնաբերված իրավախախտումների նվազում է եղել․ Գեղամ Գևորգյան

Կաթնամթերքի շուկայում հայտնաբերված իրավախախտումների նվազում է եղել․ Գեղամ Գևորգյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կաթնամթերքի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների նվազում է նկատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով կաթնամթերքի շուկայում անբարեխիղճ մրացակցության դեպքերի կանխարգելման մասին:

 

«Արդեն երկու տարի մենք կաթնամթերքի ոլորտում իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ՝ սկսած ստուգումներից, վերջացրած ուղեցույցների և օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է հստակ տարանջատում ունենան: Այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն: Դեռևս երկու տարի առաջ, երբ մեր հանձնաժողովը նոր էր ձևավորվել, տնտեսավարողներին ասացինք, որ կոշտ պատասխանատվության միջոցներ չենք կիրառելու: Իրականացրել ենք 3 փուլի ուսումնասիրություն և ամեն ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումներն ավելի քիչ էին, քան նախորդի ժամանակ: Դրական դինամիկան ակնհայտ է, սակայն չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ տնտեսավարող սուբյեկտներին այսօր ցույց են տալու, թե ինչպես պետք է կատարել մակնշումներ, որպեսզի իրավախախտումներից խուսափեն:

ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց, որ իրենց գերատեսչությունը մեկ միջոցառում իրականացրել է, ինչից հետո սուպերմարկետներում դարակաշարերը տարանջատված են՝ բուսական յուղ պարունակող կաթնամթերքն առանձին է մակնշված:

«Կարծում եմ, այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, որպեսզի խոշոր սուպերմարկետներից անցում կատարենք մնացած խանութներին: Սկզբունքն այն է, որ սպառողը հնարավորինս մատչելի և իր համար ընկալելի ճանապարհով տեսնի ապրանքի էությունը»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ ամբողջությամբ կեղծվում է ապրանքը՝ մակնշվում է թթվասեր, սակայն պարունակում է բուսական յուղ, նշեց, որ տնտեսավարողներին հորդորում են զերծ մնալ նման իրավախախտումներից:

Այսուհետև ՏՄՊՊՀ-ն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ առանց նախազգուշացման իրականացնելու են պարբերական ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները հնարավորինս մրցակցային և օրենքի դաշտում աշխատեն:

  • Կիսվել: