Կասեցրեք գույքահարկի թանկացումը մինչեւ 200 մլն դրամանոց գույքի համար. մարդն իր թոշակը մենակ դրան է տալիս. Ավետիսյան
Եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափի համահարթեցումը, որի հետևանքով շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքն էապես խախտվեց և եկամտահարկի հարկման ռեժիմից սոցիալական կոմպոնենտը ուղղակի բացառվեց, չեղարկվեց, այս փոփոխությունով որևէ կերպ չի կարող լուծված համարվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ով նախագիծ է մշակել, որով առաջարկվում է մինչև 200 մլն դրամ արժողությամբ գույքի գույքահարկի թանկացումը կասեցնել:
«Պիտի փաստենք նաև, որ այս փոփոխությամբ էապես և ավելի առաջանցիկ ավելացան ոչ թե գերթանկարժեք գույքերի գույքահարկի մեծությունները, այլ միջին արժեք և ցածրարժեք գույքերի գույքահարկի մեծությունը։
Ի՞նչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին և 2026 թվականին ևս 30-33% այդ աճը տեղի չունենա: Առանց այն էլ մարդկանց գույքահարկը պատիկներով բարձրացել է և այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ և տարբեր սոցիալական այլ խմբերի համար դարձել է անտանելի գույքահարկի բեռը»,- ասաց նա։
Ավետիսյանը նշեց, առնվազն այս փուլում օբյեկտիվ է և անհրաժեշտ, մինչև ամբողջական այս համակարգի վերանայումը։ «Մի կարևոր արձանագրում էլ եմ ուզում անել՝ նկատի առնելով նաև կառավարությունում այս նախագծի քննարկումը և ապատեղեկատվության տարածումը, իբրև թե այս նախագծով պաշտպանվում է գերթանկարժեք գույքեր ունեցողների գույքահարկի բարձրացումը, բացառապես այդպես չի: Նորից կրկնում եմ՝ ապատեղեկատվություն է, որովհետև նախագծով կոնկրետ նշվածը, որ 200 միլիոն դրամից ավել հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը պիտի շարունակի նաև աճել, ինչպես նախատեսված է 2026 թվականին, այսինքն պիտի աճի ևս 35%-ով։ Աճի կասեցումը վերաբերում է մինչև 200 միլիոն դրամանոց գույքերին»,- պարզաբանեց պատգամավորը։
Թադեւոս Ավետիսյանի խոսքով, հատկապես գույքահարկի թանկացումը զգացվում է Երեւանի կենտրոնում, որտեղ ապրող ծերերին իշխանությունները կոչ են անում վաճառել իրենց բնակարանները և ապրել այնտեղ, որտեղ կկարողանան գույքահարկը վճարել:
«Ասեմ, որ 2-սենյականոց բնակարանի համար գույքհարկի մեծությունը մոտավորապես այնքան է կազմում, ինչ նվազագույն թոշակն է: Այսինքն մարդը եթե ստանա նվազագույն թոշակ, եւ ապրում է կենտրոնում, իրենց թոշակը կբավականացնի միայն գույքահարկը վարելու համար:
Ակնհայտ է, որ միջինարժեք գույքերի հարկային բեռն ավելի արագ է աճել, քան բարձրաժեք գույքերի հարկը»,- ընդգծեց նա: