Կարելի է հազարավոր կալորիաներ և ժամեր ծախսել, բայց զրո արդյունք ստեղծել. աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք. Փաշինյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է հնարավոր ուժեղացնել պետությունը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա հնարավոր է անել արդյունավետ աշխատանքով, իսկ մեզանում «շատ աշխատել» հասկացությունը երբեմն առիթ է դառնում, որ շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում են։
«Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր անցկացնել և զրո արդյունք ստեղծել: Այստեղից էլ ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասաց վարչապետը:
«Մեծ հաշվով՝ արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել և արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը, թե ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։
Անարդյունավետ, չիմացության ու չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որը հիմնականում չի բերում արդյունքներ»,- նշեց նա։