Կառավարությունը վիետնամական երկարահատիկ բրնձի նկատմամբ քվոտա սահմանեց
Կառավարությունն իր այսօրվա նիստում 2025 թվականի ընթացքում ՀՀ տարածք Վիետնամի ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանեց, նաեւ սահմանվեց ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:
Այս որոշումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ Հայաստանին հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։