Կառավարությունը նախատեսում է մասնակի փոխհատուցել արտահանման տրանսպորտային ծախսերը
Կառավարությունը նպատակ ունի աջակցել առևտրային օդային և ավտոմոբիլային փոխադրումների միջոցով արտահանում իրականացնողներին՝ տրամադրելով տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում:
«e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում ներկայացվել է մի նախագիծ, որով գործադիրը մտադիր է խթանել ոչ հանքահումքային արտադրանքի արտահանումը, նպաստել նոր շուկաների նվաճմանը և մեղմել հայկական ապրանքների գնագոյացման վրա տրանսպորտային ծախսերի ազդեցությունը:
2023 թվականին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.4 մլրդ դոլար՝ արձանագրելով 55.3 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Չինաստանը, ԵՄ երկրները, ԱՄՆ-ն և Վրաստանը: Չնայած այս աճին՝ Հայաստանը բախվում է առևտրային չիրացված ներուժի խնդիրների, որոնցից գլխավորն են տրանսպորտային ծախսերը և նոր շուկաներ մուտք գործելու խոչընդոտները:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է․ օդային փոխադրումների դեպքում առևտրային օդային փոխադրումներով արտահանվող ապրանքների համար տրամադրել 1 կգ-ի հաշվով մինչև 1,200 ՀՀ դրամ փոխհատուցում, տրանսպորտային ծախսերի 60 տոկոսի չափով փոխհատուցում հատուկ ապրանքային խմբերի համար, առավելագույնը՝ 1,400 ՀՀ դրամի սահմաններում:
Ավտոմոբիլային փոխադրումների դեպքում՝ արտահանվող արտադրանքի համար տրամադրել յուրաքանչյուր 1 տոննայի համար մինչև 25 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում:
Փոխհատուցումը կտրվի մինչև 2027 թվականի ավարտը՝ առաջնահերթություն տալով երրորդ երկրների (խմբ․ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների) շուկաներին, ինչը կնպաստի արտահանման դիվերսիֆիկացմանը:
Նախաձեռնությունը նպատակ ունի ավելացնել արտահանման ծավալները՝ հաղթահարելով տրանսպորտային խոչընդոտները, բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը նոր շուկաներում, ապահովել նոր տնտեսական հնարավորություններ արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում, խթանել երկրի ՀՆԱ-ի և ֆիսկալ եկամուտների աճը:
Հաշվարկների համաձայն՝ տրանսպորտային ծախսերի 30 տոկոս նվազեցման դեպքում արտահանման ծավալները կարող են զգալիորեն աճել, ինչը կնպաստի պետական բյուջեի եկամուտների ավելացմանը՝ 96.9 մլն դոլարի (38.7 մլրդ դրամ) երեք տարվա ընթացքում:
Ծրագիրը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությամբ: Այն ուղղակիորեն կապվում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի «Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրեր» և «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարություն» կետերի հետ: