ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Կառավարությունը մի քանի մարզում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունը մի քանի մարզում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 մլն դրամ կհատկացնի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 6 հրատապ ծրագիր իրականացնելու համար 248 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշմանը։ 

Նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում։

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ներկայացվում է վերաբաշխումների բավականին մեծ փաթեթ։ 

«Կցանկանայի առանձնացնել 6 հրատապ ծրագրեր, որոնք նախանշված է իրականացնել Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝ ի դեմս Տարածքային զարգացման հիմնադրամի, որն այդ հրատապ ծրագիրը կիրականացնի։ 

Լոռու մարզին կհատկացնենք 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ շուրջ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ և Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է այս 6 հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 միլիոն դրամ», - ասաց Սանոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այդ ծրագրերի հրատապությունը պայմանավորված է օրինակ Լոռու մարզում ջրհեղեղից հետո Ալավերդիի շրջանի Քարկոփ բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների համար, Սևանի կոյուղու վնասը վերացնելու և այլ աշխատանքներ իրականացնելու համար։ 

 

  • Կիսվել: