Կառավարությունը հաստատեց «Օթևան» ՊՈԱԿ-ի անվտանգության ապահովման նախագիծը
Կառավարությունը հաստատեց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի շենքում անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով տեսահսկման համակարգի ներդրման վերաբերյալ որոշումը։ Նախագիծը նախատեսում է 963,200 դրամ հատկացնել համակարգի ներդրման համար։
«Օթևան» կազմակերպությունը, որի հիմնական գործունեությունն ուղղված է սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուների կացարաններով ապահովմանը, երկար ժամանակ առնչվում է ապօրինի ներխուժման, հակաիրավական վարքագծի և նյութական արժեքների վնասման խնդիրների հետ։ Կառույցը ներկայումս սպասարկում է 81 շահառու՝ ունենալով 45 սենյակ և մոտ 2290 քմ տարածք։
Տեսահսկման համակարգի ներդրումը կօգնի կանխարգելել շենքի և հարակից տարածքում հնարավոր իրավախախտումները՝ ապահովելով շահառուների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կսահմանափակվեն ապօրինի գործողությունները՝ ներառյալ շենքի տարածք ապօրինի ներխուժումները, կապահովվի նյութական արժեքների պատշաճ պահպանումը: Նախագծի ընդունումը կնպաստի համակեցության կանոնների պահպանմանը։