ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակը ռոյալթիի հարկման համակարգի կարգավորումն է. ՀՀ ֆինանսների նախարար

Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակը ռոյալթիի հարկման համակարգի կարգավորումն է. ՀՀ ֆինանսների նախարար

Ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով եւ ռոյալթիով: Վերջինս նախատեսված է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:

 

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման նպատակը մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող եւ ավելի պրոգրեսիվ դարձնելն է:

 

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեեւ ռոյալթիի գործող համակարգը որոշակիորեն արձագանքում է մետաղների միջազգային գներին այն իմաստով, որ վերջիններիս բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը, ի հաշիվ շահութաբերությունից կախված բաղադրիչի, որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի եւ հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսանկյունից:

Առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Նախարարը նաեւ նշել է, որ նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, եւ, հետեւաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց:

Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում պետք է լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի` 15 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս, շահույթը նախքան հարկումը հաշվարկելը հաշվի են առնվում նաեւ ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին եւ երկրորդ բաղադրիչները, ինչպես նաեւ ռոյալթի վճարողի ֆինանսական ծախսերը:

Մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձեւավորված՝ մետաղների միջազգային միջին գները:

Նշվել է, որ կփոխվի նաեւ ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն հիմք է ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրությամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն):

 

Տիգրան Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջարկվող լուծումները քննարկվել են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հետ: Ըստ վերջիններիս՝ ռոյալթիի հաշվարկման ներկա համակարգն, ընդհանուր առմամբ, համահունչ է միջազգային պրակտիկայում կիրառվող արդյունավետ համակարգերին:

Բանախոսը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են ռոյալթիի իրացման շրջանառությանը, պետբյուջե մուտքագրվող գումարների չափերին, ակնկալվող ծախսերին, արտահանման տուրքի չափերին եւ այլ մասնագիտական խնդիրներին:

Նշվել է, որ կձեւավորվի հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայր, որը նաեւ կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը:

 

Քննարկման արդյունքում նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: