ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչու պետք է որակի խնդիր լինի. որևէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել. Նիկոլ Փաշինյան

Ինչու պետք է որակի խնդիր լինի. որևէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել. Նիկոլ Փաշինյան

Այսօր հսկայական ծավալի աշխատանքներ են իրականացվում, ֆինանսավորում է կառավարությունը, իրականացնում է մասնավոր հատվածը, բայց կատարվածի ու չկատարվածի պատասխանատվությունը մնում է կառավարության վրա, ընդհուպ մինչեւ ժամկետները: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, կառավարության նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է  համակարգ մտածենք, ռեյտինգավորենք ընկերություններին, որովհետեւ շինարարի վարքագիծը կարեւոր է: Ինչու պետք է որակի խնդիր լինի որեւէ աշխատանքում: Ինչի որեւէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել: Ի՞նչ է նշանակում, պետությունն այդքան փող դնի, ռեսուրս ծախսի, վերջում պարզվի՝ աշխատանքը որակյալ չի: Ու էդ կազմակերպությունն ասի՝ հա դե, որակյալ չէ, բա «ներողությունն» ինչի համար է, փողը տվեք կանենք: Չի  կարող այդպես լինել, մենք նաև որոշակի վարքագիծ պետք է պարտադրենք ընկերություններին: Ժամկետներ են ձգձգում, չգիտեմ՝ օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով: Այդ ամեն ինչը պետք է ռեյտինգավորում անցնի, որ մենք տեսնենք՝ այս ընկերության հետ կառավարությունն ուզում է գործ ունենալ, թե ոչ»,-ասաց նա:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ուշացումների համար տուգանքներ կան նախատեսված շինարարների համար:

Փաշինյանը շարունակեց՝ ասելով, որ այսօր Հայաստանում չկա շինարարական մի ընկերություն, որ չունի աշխատանք. «Ընդհակառակը՝ այնքան շինարարություն են վերցնում, որ չեն հասցնում անել, մենք ենք իրենց հետևից ընկնում՝ խնդրողի կարգավիճակով ասելով՝ այս աշխատանքն էլ արեք… Այս ի՞նչ ձև է: Մի հատ էլ պարզվում է անորակ են անում. այսպես՝ ջուրտուքշի արա, որ մյուս աշխատանքը անենք… Այդպես չի լինի»,-հայտարարեց կառավարության ղեկավարը և հիշեց. «Էն ժամանակ, որ սարքած ճանապարհը քանդվում էր, ասում էին՝ այստեղ ենք տալիս, այնտեղ ենք տալիս, մի քիչ բարակացնում ենք, էս ենք անում… Այդ ռեժիմը պետք է վերջացնել և պետք է որակի համար լինի ծայրահեղ հսկողություն:

Մենք հասկանալով, որ չենք կարող միանգամից կիլոմետրանոց թռիչք անել, մենք մեր ստանդարտները շատ դանդաղ ենք բարձրացնում, որ շինարարների վրա բեռ չդնենք: Այն ստանդարտը, որով հիմա ճանապարհ ենք կառուցում, դա մեր սրտով չի, դա 21-րդ դարի ճանապարհ չի»,-ասաց նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ 2022 թվականին 47 մլրդ դրամ է բյուջեից հատկացվել ճանապարհաշինության համար, իսկ շինարարներին գումարները վերջնական չեն տալիս, քանի դեռ թերությունները չեն շտկվում:

  • Կիսվել: